Հայաստանի Ազգային ժողովը 63 կողմ և 32 դեմ ձայներով վավերացրել է TRIPP նախագծի վերաբերյալ ՀՀ և ԱՄՆ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։
Քվեարկության արդյունքում նախագիծն ստացել է 63 կողմ և 32 դեմ ձայն։ Ձեռնպահ քվեարկած պատգամավորներ չեն եղել։
Քննարկման ժամանկ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով համաձայնագրի դրույթներին, ընդգծել է, որ Հայաստանի տարածքում նախատեսվող բոլոր ենթակառուցվածքները գործելու են բացառապես երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո։
Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարել էր, որ իրենց քաղաքական ուժը դեմ է քվեարկելու TRIPP նախագծի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրին։
Խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը՝ «Ուժեղ Հայաստանը» ևս խիստ քննադատում էր «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը, սակայն չէր հստակեցրել, թե ինչպես են քվեարկելու:
Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը նախաստորագրվել է այս տարվա մայիսի 26-ին, իսկ հունիսի 4-ին՝ ստորագրվել։ Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Սյունիքի մարզով անցնող «Թրամփի ուղով» նախատեսվում է ապահովել Ադրբեջանի հիմնական տարածքից դեպի Նախիջևան անխոչընդոտ տարանցում՝ թվային գործիքների կիրառմամբ։
Միաժամանակ Հայաստանի և Միացյալ Նահանգների պաշտոնական ներկայացուցիչները վերահաստատել են, որ նախագծի իրականացման պայմաններում Հայաստանը պահպանելու է լիակատար իրավազորությունն իր ինքնիշխան տարածքի նկատմամբ։





