AM
29 Հոկտեմբեր 2026 - 11:18 AMT

Փաշինյան․ Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել

Հայկական կողմը բազմիցս ասել է, որ Սահմանադրության օրակարգը ներքին օրակարգ է, որը, իհարկե, կունենա նաև միջազգային և տարածաշրջանային որոշակի շատ կոնկրետ ազդեցություն, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հավելել է, որ հնարավոր է, կանի առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել:

«Այսօր պարոն Միրզոյանը, իհարկե, առանց նախապես համաձայնեցնելու, հարցին տվեց մի փոքր միջազգային և տարածաշրջանային կոնտեքստ, և ընդդիմության ներկայացուցիչներն էլ հարցադրում արեցին, թե՝ այ, դուք երաշխավորո՞ւմ եք, որ դա ինչ-որ հանգրվանի վերջին կետն է»,-ասել է վարչապետըէ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի հարցին, հայտնում է 1lurer.am-ը:

«Ես այսօրվա խոսակցությունը կընդունեմ ի գիտություն, որովհետև մինչև այս պահն ինձ համար թեման եղել է ներքին տրամաբանության մեջ։ Կարծում եմ՝ մենք պետք է անենք որոշակի աշխատանք, և այս հարցը չի կարող ուղղակի հարց ու պատասխանի հանպատրաստի ռեժիմով ստանալ պատասխան։ Ես այս հարցը վերցնում եմ և ասում եմ, որ առաջիկայում կկենտրոնանամ այդ հարցին պատասխան ձևակերպելու և, չեմ բացառում, այդ հարցի պատասխանից բխող առաջարկ անելու վրա, որից, իմ կարծիքով, եթե այդ առաջարկը ձևակերպվի, ես այդ կետում, կարծում եմ, կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել»,– նշեց նա։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ,անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին Ադրբեջանի վերջին նախապայմանն է, ընդդիմությանն առաջարկել է աջակցել իրենց՝ նոր Սահմանադրության նախագիծը խորհրդարանում հաստատելուն, ապա գնալ հանրաքվեի:

«Ես ճի՞շտ եմ հասկանում, որ դուք ասում եք, որ եթե դա է վերջին կետը, քննարկելի է, կարող ենք գնալ դրան։ Եթե հաստատվի, որ դա վերջին քայլն է, որը պակասում է մեզ խաղաղության համար՝ վերջինը, գալի՞ս եք՝ գնանք դրան։ Մտածեք, ասեք»,-ասել է նա: