Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ առանձնազրույցներ են անցկացրել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ երկար ժամանակ հացադուլ հայտարարած Աշոտ Բադալյանի հետ։
Դիտարկվել են անձանց իրավունքների ապահովմանը, առողջական վիճակին, անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրմանն ու պատշաճ բժշկական հսկողությանն առնչվող հարցերը։
Թեև հացադուլ հայտարարելն անձի իրավունքն է, ՄԻՊ ներկայացուցիչները Աշոտ Բադալյանին հորդորել են դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով հացադուլի երկարատև ընթացքն ու առողջական վիճակի վրա հնարավոր բացասական հետևանքները։
Հոկտեմբերի 28-ին հայտնի է դարձել, որ 44 օր հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Հարությունյանի նախագահությամբ, մերժել է Բադալյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը։ Այդ մասին հայտնել է պաշտպան Հայկ Հարությունյանը։ Այդ մասին հայտնել է «Փաստինֆոն»:





