Հակակոռուպցիոն դատարանը ևս 2 ամսով երկարաձգել է ՊԵԿ նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքը՝ բավարարելով քննիչի ներկայացրած միջնորդությունը։ Դատական ակտի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում որոշման մասին տեղեկացրել է Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը, հայտնում է Panorama.am-ը:
«Ամեն դեպքում դատարանը որոշել է երկարացել։ Ես պետք է նշեմ հետևյալը, որ դատական նիստում երկար քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ քննչական մարմինն առկա մեղադրանքների վերաբերյալ ընդհանրապես որևէ գործողություն չէր արել։ Մենք ապացուցեցինք, որ նրանք ամեն ինչ արել են, բավականին աշխատանք են արել, խուզարկություններով առգրավված իրերն են զննել, հարցումներ են ուղղել պետական մարմիններ.,. Հիմա մենք ասում ենք, նրան կալանավորել եք, որ չխոչընդոտի ձեր գործողություններին, Գագիկ Խաչատրյանը ցանկության դեպքում չի էլ կարող խոչընդոտել, եթե քննիչը նստած զննում է, հո չի՞ գնալու խոչընդոտի նրան»,-ասել է Երեմ Սարգսյանը:
Նա հավելել է,որ իր պաշտպանյալի կալանավորումն անհիմն և անիմաստ է։
Նրա խոսքով, հիմա ասում են՝ 2 ամիս էլ կալանավորեն, որ գործողություններ անեն, ենթադրում եմ՝ փորձաքննությունների պատասխաններ ստանան, վկաներ հարցաքննեն։
Գնահատական տալու համար Երեմ Սարգսյանը կսպասի որոշումը ստանալուն, իսկ մինչ այդ, համոզված է՝ եթե դատական փակ նիստի վերաբերյալ ձայնագրությունը երբևէ հասանելի լինի, իրավաբանությունից հասկացող, նույնիսկ չհասկացող մարդը կտեսնի, որ կալանավորման, նույնիսկ տնային կալանքի համար որևէ հիմք չկա։





