«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն արձագանքել է Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին՝ հորդորելով իշխանություններին «դադարեցնել քաղաքական սադրանքներն ու պատասխանել բովանդակային հարցերին»:
«Երբ իշխանությունը պատասխան չունի ընդդիմության բարձրացրած կարևորագույն հարցերին, դիմում է սադրանքների։ Այսօր էլ ՔՊ-ականները չկարողացան բովանդակային պատասխան տալ առանցքային հարցին՝ ինչո՞ւ է TRIPP-ը գործարկվում մինչև Խաղաղության պայմանագրի ստորագրումը, և ի՞նչ երաշխիքներ ունի Հայաստանը, որ հերթական միակողմանի զիջումը չի հանգեցնի Ադրբեջանի նոր պահանջների։ Փոխարենը՝ փորձեցին քաղաքական բանավեճը վերածել անձնական վիրավորանքների և բախման։
Սա պատահական միջադեպ չէ։ Երբ Հայաստանի ներսում իշխանությունը սադրանքներով է փորձում լռեցնել ընդդիմությանը, իսկ Ադրբեջանի հետ հարաբերություններում գնում է միակողմանի զիջումների, հարց է առաջանում՝ ո՞ւմ շահերն է իրականում սպասարկում այս գործելաոճը։
Նիկոլ Փաշինյանին և նրա ՔՊ-ական թիմին հորդորում ենք դադարեցնել քաղաքական սադրանքներն ու պատասխանել բովանդակային հարցերին, միևնույն ժամանակ վերահաստատում, որ բոլոր սադրանքները ստանալու են համարժեք պատասխան։ «Ուժեղ Հայաստանը» թույլ չի տա, որ անձնական վիրավորանքներով և կազմակերպված սադրանքներով շեղեն հանրության ուշադրությունը Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը վերաբերող հիմնարար խնդիրներից»,-ասված է հայտարարության մեջ։
ԱԺ-ում ծեծկռտուք է տեղի ունեցել ՔՊ–ի եւ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների միջև, որին նախորդել է ՔՊ–ական Տարոն Չախոյանի ելույթը: Լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի, իսկ ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանն աթոռ է նետել ընդդիմադիրների ուղղությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Ազգային ժողովի նիստի ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքին, աջակցություն է հայտնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործողություններին։
«Դատապարտում եմ բռնությունը, բայց աջակցում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձեռնարկած այսօրվա միջոցառումներին։ Եթե մեկն ընդդիմադիր է, չի նշանակում, որ պետք է լկտիանա: Աթոռով է, թե ինչով, համարժեք է և ճիշտ»,-ասել է նա:





