Հայաստան-Վրաստան սահմանային անցակետում իրավապահները կանխել են մոտ 1․7 կիլոգրամ չհայտարարագրված ոսկու տեղափոխումը։ Թանկարժեք մետաղի արժեքը գերազանցել է 222 հազար դոլարը։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
Դեպքը գրանցվել է «Սադախլո» սահմանային անցակետում, որտեղ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձը փորձել է առանց հայտարարագրման Վրաստան ներմուծել տարբեր չափսերի ոսկու ձուլակտորներ, հայտնում է Auroranews.am-ը:
Մաքսային վերահսկողության ընթացքում պարզվել է, որ քաղաքացին թանկարժեք մետաղը թաքցրել է իր գուլպաների և կոշիկների մեջ՝ փորձելով այդ եղանակով խուսափել մաքսային ստուգումից։
Բացահայտված դեպքի կապակցությամբ օտարերկրյա քաղաքացին ձերբակալվել է։ Հավաքված նյութերն ու գործը փոխանցվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը՝ հետագա քննությունն իրականացնելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։





