AM
30 Հոկտեմբեր 2026 - 12:09 AMT

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային ներուժը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Վիրջինիայի և Կոլումբիայի դաշնային շրջանի արտահանման խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով։

Դիվանագետն իր ելույթում անդրադարձել է հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգին, տարբեր բնագավառներում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև Հայաստանի տնտեսական և ներդրումային ներուժին։

Միջոցառման ընթացքում Հայաստանի դեսպանը նաև կարճատև զրույց է ունեցել ԱՄՆ Փոքր բիզնեսի կառավարման գործակալության Արտադրության և առևտրի գրասենյակի փոխտնօրեն Դեյվիդ Բուլսի հետ։

Վիրջինիայի և Կոլումբիայի դաշնային շրջանի արտահանման խորհուրդը համախմբում է պետական կառույցների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների։ Խորհրդի գործունեությունն ուղղված է Միացյալ Նահանգների արտահանման խթանմանը, ինչպես նաև գործարար համայնքի զարգացմանն աջակցելուն։

Կառույցն իր գործունեության ընթացքում տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն և մենթորական աջակցություն՝ նպաստելով արտահանման հնարավորությունների ընդլայնմանն ու գործարար միջավայրի զարգացմանը։