Երևանում տեղի է ունեցել COP17 համաժողովին նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը, որին ներկա է գտնվել COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
Թողարկված նամականիշը յուրահատուկ տեղ է զբաղեցնելու Հայաստանի փոստային պատմության մեջ՝ հավերժացնելով Երևանում անցկացվող միջազգային համաժողովի հիշողությունը։ Այն միաժամանակ խորհրդանշում է բնության պահպանության նկատմամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև բնապահպանական խնդիրների լուծման գործում միջազգային համագործակցության կարևորությունը։
Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ նամականիշը, տարածվելով աշխարհի տարբեր երկրներում, կդառնա նաև Երևանի բնապահպանական ուղերձի փոխանցման միջոց։ Այդ ուղերձի առանցքում բնության և մարդկության ընդհանուր ապագայի պահպանության նպատակով միասնական գործողությունների անհրաժեշտությունն է։
Նախարարը նաև իր երախտագիտությունն է հայտնել բոլոր այն գործընկերներին, որոնք մասնակցել և աջակցել են նամականիշի ստեղծման, պատրաստման ու թողարկման աշխատանքներին։





