AM
30 Հոկտեմբեր 2026 - 11:17 AMT

Գարեգին Բ-ն Օքսֆորդի համալսարանի ներկայացուցչի հետ քննարկել է արցախահայության իրավունքների հարցը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Բլեքֆրայերս Հոլի Լաս Կասասի սոցիալական արդարության ինստիտուտի տնօրեն, ավագ գիտաշխատող, դոկտոր Հյուգո Սլիմի հետ քննարկել է բռնի տեղահանված արցախցիների իրավունքներին և Արցախի հայկական ժառանգությանը վերաբերող հարցեր։

Քննարկման մասնակիցներն ընդգծել են քրիստոնեական եկեղեցիների, գիտական հանրության և մարդասիրական կառույցների միջև համագործակցության կարևորությունը՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության և սոցիալական արդարության ապահովման տեսանկյունից, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Բլեքֆրայերս Հոլի ու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի միջև համագործակցության ընդլայնման, արցախահայության իրավունքների ու հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ ակադեմիական հետազոտությունների կազմակերպման և Օքսֆորդում գիտաժողովների անցկացման շուրջ։

Քննարկվել են նաև Բլեքֆրայերս Հոլում հոգևորականների ուսումնառության և հետազոտական աշխատանքի հնարավորությունները։