AM
3 Մարտ 2011 - 12:24 AMT

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց հանրակրթական դպրոցների տնօրենների հետ

Մարտի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ տարբեր մարզերից ժամանած հանրակրթական երեսուներկու դպրոցների տնօրենների` ուղեկցությամբ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի:

Հայր Վարդանը Նորին Սրբությանը ներկայացրեց տնօրեններին, ովքեր Մայր Աթոռ են եկել Ս. Վարդանանց տոնին` հաղորդակցվելու օրվա սրբազան խորհրդին և ստանալու Վեհափառի օրհնությունը: Օգտվելով առիթից, որ Վարդանանց տոնը նաև Նորին Սրբության անվանակոչության օրն է, Հայր Վարդանը ամենքի անունից շնորհավորեց Ամենայն Հայոց Հայրապետին:

Այնուհետև ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` գոհունակություն հայտնելով, որ ազգային դպրոցի տնօրենները Ս. Էջմիածին են այցելել ազգային-եկեղեցական կյանքում հիշարժան այս օրը: Նորին Սրբությունը ցավով նկատեց, որ Հայոց ցեղասպանության պատճառով և խորհրդային անաստվածության տարիներին, երբ կազմալուծվեց ազգային և եկեղեցական հայոց կյանքը, ազգային շատ տոներ, ավանդույթներ ու սրբազան նվիրական խորհուրդներ դուրս են մղվել մեր կյանքից, որոնցով դարեր շարունակ կերտվել է նկարագիրը ու գիտակցությունը հայ ժողովրդի: Անդրադառնալով Ս. Վարդանանց նվիրական խորհրդին` Վեհափառ Հայրապետն ասաց. «Վարդանանց հերոսական պատերազմի ոգին հերոսացումի ոգի է, այդ ոգին մեր ազգի համար իր մեջ կրում է հավերժության խորհուրդը, այդ ոգին անմահության ոգին է: Վարդանանց տոնը պանծացումն է հայրենասիրության և աստվածսիրությա»:

Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց տնօրեններին` դպրոցներում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցման հանդեպ ցուցաբերվող նախանձախնդիր վերաբերմունքի համար` կարևորելով, որ մեր ժամանակներում մանուկների ու պատանիների մեջ առավել զորանա ազգային արժեքներով ապրելու և առաջնորդվելու ոգին ու գիտակցությունը: «Հայոց Եկեղեցին ազգային արժեքների մեր գանձարանն է: Մեր Եկեղեցու պատմությունը անքակտելի մասն է մեր ժողովրդի պատմության:

…Պետականության կորստյան ծանր ու դժվարին պայմաններում Հայոց եկեղեցին ստանձնել է ազգի առաջնորդությունը և Աստծո օրհնության ներքո համահավաք պահել մեր ժողովրդին իր հայրենիքում, Ս. Հոգու առաջնորդությամբ կազմակերպել մեր ժողովրդի կյանքը: Եկեղեցին միշտ կարողացել է աննկուն պահել մեր զավակների ոգին և ոգեշնչել նրանց դեպի ազատ ու անկախ կյանք, պետականության վերականգնում: Այդ իմաստով` մեր Եկեղեցին անդադրում պայքարել է, որ մեր ազգն օր առաջ կարողանա վերականգնել իր պետականությունը և նրա ներքո ապահով դարձնել մեր ժողովրդի կյանքը, երաշխավորված` նրա լուսավոր ապագան», – նշեց Վեհափառ Հայրապետը:

Հանդիպումից հետո տնօրենները Մայր Տաճարում մասնակցեցին Ս. Պատարագի արարողությանը, հավարտ որի ներկա գտնվեցին տոնին նվիրված գեղարվեստական ցերեկույթին, այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ, հաղորդում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը: