AM
30 Հոկտեմբեր 2026 - 18:53 AMT

Վազգեն Թևանյանն՝ աշխարհի փոխչեմպիոն

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանն իր մարզական կարիերայում առաջին անգամ նվաճել է աշխարհի առաջնության արծաթե մեդալը։

65 կգ քաշային կարգի եզրափակիչում 27-ամյա ըմբիշի մրցակիցը եղել է Միացյալ Նահանգները ներկայացնող 20-ամյա Բո Բասեթը։ Ոսկե մեդալի համար պայքարում Թևանյանը պարտություն է կրել 1։9 հաշվով՝ ավարտելով մրցաշարը երկրորդ հորիզոնականում, հայտնում է Factor.am-ը:

Հայ մարզիկը վճռորոշ գոտեմարտին մասնակցել է վնասվածքով։ Նրա ձեռքը վիրակապված է եղել, քանի որ կիսաեզրափակիչ հանդիպման ընթացքում ստացել էր ճկույթի կոտրվածք։

Թևանյանը մրցաշարային պայքարը սկսել էր որակավորման փուլից։

Առաջին գոտեմարտում նա 9։6 հաշվով առավելության էր հասել Մոնղոլիայի ներկայացուցիչ Զենեմեդեր Բյամբասուրենի նկատմամբ՝ ապահովելով իր մասնակցությունը հաջորդ փուլին։

Երկրորդ հանդիպման ժամանակ Հայաստանի ներկայացուցիչը մրցել էր ղազախ ըմբիշ Օսիմժան Դաստանբեկի հետ և լարված պայքարում հաղթանակ է տարել 2։1 հաշվով։

Քառորդ եզրափակիչում Թևանյանը կարողացել է հաղթահարել հատկապես ուժեղ մրցակցի դիմադրությունը։ Նա 3։2 հաշվով պարտության է մատնել իրանցի Ռահման Ամուզադին, որը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրն է և աշխարհի գործող չեմպիոնը։

Եզրափակիչի ուղեգրի համար պայքարում հայ ըմբիշը հանդիպել է Բուլղարիան ներկայացնող դաղստանցի Շամիլ Մամեդովին։ Կիսաեզրափակիչի դժվարին գոտեմարտում Թևանյանը 2։1 հաշվով հաղթանակ է գրանցել՝ առաջին անգամ ապահովելով իր տեղն աշխարհի առաջնության եզրափակիչում։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հոկտեմբերի 30-ին մրցագորգ են դուրս եկել նաև Արսեն Հարությունյանը՝ 61 կգ, և Արման Անդրեասյանը՝ 70 կգ քաշային կարգերում։ Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ պարտություններ են կրել մեկ ութերորդ եզրափակիչ փուլում և ավարտել են իրենց մասնակցությունը աշխարհի առաջնությանը։

Հայաստանի հավաքականի մյուս երեք ըմբիշները մրցաշարային պայքարը կսկսեն հոկտեմբերի 31-ին։

Մասնավորապես, այդ օրը մրցագորգ դուրս կգան Մանվել Խնձրցյանը՝ 57 կգ, Նարեկ Հարությունյանը՝ 74 կգ, և Հրայր Ալիխանյանը՝ 79 կգ քաշային կարգերում։