Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանն ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել է 10։0 հաշվով հաղթանակով։
Որակավորման փուլում հայ ըմբիշը հանդիպել է Մեքսիկան ներկայացնող Դերեկ Գարսիային և առավելության հասել ժամանակից շուտ, հայտնում է Factor.am-ը:
Այս համոզիչ հաղթանակի շնորհիվ 26-ամյա Հարությունյանը նվաճել է մեկ ութերորդ եզրափակիչի ուղեգիր։ Հաջորդ փուլում նրա մրցակիցը կլինի Ալբանիայի դրոշի ներքո հանդես եկող, դաղստանցի 33-ամյա ըմբիշ Զելիմխան Աբակարովը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի արծաթե մեդալակիր և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը, մրցաշարային պայքարին կմիանա անմիջապես մեկ ութերորդ եզրափակիչից։
70 կգ քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկի առաջին մրցակիցը կլինի Թուրքիայի ներկայացուցիչ Ֆերհատ Կիլիչը։
Հոկտեմբերի 30-ին աշխարհի առաջնության մրցագորգ դուրս կգա նաև Հայաստանի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը, որը հանդես է գալիս 65 կգ քաշային կարգում։
Թևանյանն արդեն պատմական հաջողություն է գրանցել իր մարզական կարիերայում՝ առաջին անգամ հասնելով աշխարհի առաջնության եզրափակիչ։ Հայ ըմբիշը ոսկե մեդալի և աշխարհի չեմպիոնի կոչման համար ուժերը կչափի ամերիկացի Բո Բասեթի հետ։





