AM
28 Հոկտեմբեր 2026 - 14:46 AMT

Կարեն Ասլանյան․ Այս մեդալը շատ մեծ արժեք ունի ինձ համար

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած, 63 կգ քաշային Կարեն Ասլանյանն իր մարզական կարիերայում առաջին անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո ասել է, որ այդ մեդալը շատ մեծ արժեք ունի իր համար: Այդ մասին նա ասել է ՀԸՖ մամուլի ծառայության հետ զրույցում:

«Այս մեդալը շատ մեծ արժեք ունի ինձ համար, քանի որ շատերն են դրան սպասել, շատ մարդկանց օգնությամբ է այս ամեն ինչը եղել: Շնորհակալ եմ իմ թիմակիցներին, մարզիչներին, ընտանքիքին ու բոլոր այն մարդկանց, ովքեր հավատացել են: Մրցավայր մեկնալուց առաջ ասել էի, որ այս անգամ ավելի սառնասիրտ ու ավելի հանգիստ եմ լինելու: Այս անգամ ես այլ մտքեր չունեի և դուրս էի գալիս իմ գործն անելու: Կարծում եմ՝ դրանով տարբերվեց այս առաջնությունը: Եզրափակիչից առաջ էլ շատ հանգսիտ էի և կարողացա չեղարկել կողմնակի մտքերը»,- ասել է Կարեն Ասլանյանը, հայտնում է Factor.am-ը:

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության վճռորոշ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը մրցել է ադրբեջանցի Նիհատ Մամեդլիի հետ։ Ասլանյանը կարողացել է առավելության հասնել 8։4 հաշվով՝ նվաճելով չեմպիոնական տիտղոսը և Հայաստանի համար ապահովելով առաջնության առաջին մեդալը։

Եզրափակիչ հասնելու ճանապարհին հայ ըմբիշը տպավորիչ ելույթներ է ունեցել՝ բոլոր չորս մրցակիցների նկատմամբ հաղթանակներ տանելով ժամանակից շուտ։

Առաջին հաղթանակներից մեկում Ասլանյանը 10։0 հաշվով առավելության է հասել Մոլդովայի ներկայացուցիչ Կորնելիու Ռուսուի նկատմամբ։ Այնուհետև նույնքան վստահ պայքարում 8։0 հաշվով հաղթել է ղրղզ ըմբիշ Աֆթանդիլ Տալաիբեկ Ուուլուին։

Հաջորդ գոտեմարտում հայ մարզիկը 9։0 հաշվով պարտության է մատնել Ուզբեկստանը ներկայացնող Օզոդբեկ Խալիմբոևին։ Եզրափակչի ուղեգրի համար պայքարում էլ Ասլանյանը 12։4 հաշվով հաղթել է Բուլղարիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի ըմբիշ Էդմոնդ Նազարյանին։

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն աշխարհի առաջնությանը ներկայացել է տասը մարզիկով։ Մրցաշարի արդյունքներով ազգային թիմը նվաճել է երկու մեդալ՝ մեկ ոսկե և մեկ բրոնզե։ Բրոնզե պարգևի արժանացել է 87 կգ քաշային կարգում հանդես եկող Գևորգ Թադևոսյանը՝ Հայաստանի հավաքականի մեդալների հավաքածուն համալրելով ևս մեկ մրցանակով։