AM
31 Հոկտեմբեր 2026 - 11:13 AMT

Կիբեռոստիկանություն․ 350,000 դրամի օգնության կեղծ առաջարկով փորձում են տիրանալ քաղաքացիների հաշիվներին

ՆԳՆ կիբեռոստիկանությունը նախազգուշացնում է՝ իբր «պետական ֆոնդից» 350,000 դրամի օգնության կեղծ առաջարկով փորձում են տիրանալ քաղաքացիների հաշիվներին:

TikTok սոցիալական ցանցում սկսել են շրջանառվել հրապարակումներ, որոնց միջոցով Հայաստանի քաղաքացիներին առաջարկվում է այսպես կոչված «պետական ֆոնդից» ստանալ 350 հազար դրամի ֆինանսական աջակցություն։ Առաջարկից օգտվելու համար նրանց հորդորում են սահմանված կարճ ժամանակահատվածում բացել ներկայացված հղումը և լրացնել համապատասխան դիմումը։

Սակայն, իրականում հանցագործներն այս սխեմայի միջոցով փորձում են տիրանալ քաղաքացիների Telegram հաշիվներին՝ զրկելով նրանց հետագա հասանելիությունից։ Զավթված հաշիվները կարող են օգտագործվել նաև այլ հանցավոր գործողություններ կատարելու, այդ թվում՝ շորթման, խարդախության և այլ քաղաքացիների նկատմամբ նմանատիպ սխեմաներ կիրառելու նպատակով։

Կիբեռոստիկանությունը հորդորում է չանցնել կասկածելի հղումներով, չլրացնել անհայտ կայքերում առաջարկվող դիմումները և չտրամադրել Telegram-ի մուտքի կամ SMS-ով ստացված հաստատման կոդերը։ Պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը խորհուրդ է տրվում ստուգել բացառապես համապատասխան պետական մարմինների պաշտոնական աղբյուրներով։

Քաղաքացիներին կոչ է արվում չվստահել անհայտ աղբյուրներից տարածվող ֆինանսական առաջարկներին և պահպանել իրենց հաշիվների անվտանգությունը։