AM
31 Հոկտեմբեր 2026 - 11:21 AMT

«Էներգաչափի» մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ

Պետական վերահսկողական ծառայությունը «Էներգաչափ» ՓԲԸ-ի 2003 թվականին տեղի ունեցած մասնավորեցման ուսումնասիրության արդյունքում բացահայտել է հաղթողի ընտրության հիմնավորման, մրցակցային պայմանների պահպանման և գնորդի ստանձնած պարտավորությունների կատարման հետ կապված խնդիրներ:

Մասնավորապես, մրցույթում մյուս մասնակցի բացահայտ առավելությունների պայմաններում, չպարզաբանված հանգամանքներում հաղթող է ճանաչվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախկին նախագահ Կ․ Դ․-ին փոխկապակցված անձին պատկանող ընկերությունը։

Հաղթողի ընտրության գործընթացին ակտիվորեն միջամտել է ՀԷՑ-ի տվյալ ժամանակահատվածի տնօրեն Ե. Գ․-ն, ինչի հետևանքով գնորդի համար ստեղծվել է մրցութային պայմաններով չնախատեսված առավելություն, որն ազդել է մրցույթի վերջնական արդյունքի վրա։

Մասնավորեցման մրցույթին մասնակցել են «Գոլդեն Ռուֆ» ՍՊԸ-ն և անհատ ձեռնարկատեր Ս․ Հ․-ն։ «Գոլդեն Ռուֆ»-ն առաջարկել է ընկերության բաժնետոմսերը ձեռք բերել 98 մլն դրամով և երեք տարվա ընթացքում կատարել 380 մլն դրամի ներդրում, մինչդեռ մյուս մասնակցի առաջարկած ներդրումների ընդհանուր չափը կազմել է 1.34 մլրդ դրամ, նախատեսված աշխատատեղերի թիվը նույնպես ավելի մեծ է եղել։

Թեև արձանագրված ներդրումների ընդհանուր չափը կազմել է 380,665 մլն դրամ, սակայն դրանց հետագա ծախսման ուղղություններն ու նպատակային օգտագործումը լիարժեք գնահատելու համար փաստաթղթեր չեն եղել։
Հիմնադիրների և մասնակիցների նկատմամբ 1.259 մլն դրամ պարտավորության մարման վերաբերյալ հաստատող փաստաթուղթ նույնպես չի հայտնաբերվել։ Նույն ժամանակ 180 աշխատակցի համար չի ապահովվել պայմանագրով նախատեսված 75 հազար դրամ նվազագույն ամսական աշխատավարձը։

«Էներգաչափի» գույքի մի մասը 2004 թվականից վարձակալության է տրվել ՀԷՑ-ին։ Նույն թվականի փետրվարի 16-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված վարձավճարների ընդհանուր գումարը կազմել է մոտ 2.306 մլրդ դրամ։

Մշտադիտարկման արդյունքներով արձանագրված հանգամանքների վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ համապատասխան իրավական գնահատական տալու և օրենքով սահմանված ընթացքն ապահովելու նպատակով։