Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ HayPass ընկերության «Երևան մոլ» առևտրի կենտրոնի գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ու HayPass ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն կտրել են խորհրդանշական ժապավենը՝ ազդարարելով գրասենյակի գործունեության մեկնարկը։
Այնուհետև վարչապետը, ՆԳ նախարարն ու ներկաները շրջել են գրասենյակում։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է կենսաչափական տվյալների հավաքագրման և փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերը, սպասարկման կազմակերպումն ու քաղաքացիների համար ստեղծված պայմանները։
Նիկոլ Փաշինյանն անձամբ մասնակցել է նոր փաստաթղթեր ստանալու գործընթացին՝ տրամադրելով անհրաժեշտ կենսաչափական տվյալները։ Վարչապետի անմիջական մասնակցությունը հնարավորություն է տվել քաղաքացու տեսանկյունից ծանոթանալ սպասարկման փուլերին և գնահատել ընթացակարգերի հստակությունն ու հարմարավետությունը։





