ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 26-ի դրությամբ երկրի քրեակատարողական հիմնարկներում հացադուլի մեջ է գտնվել 5 անձ, հայտնում է Sputnik Արմենիան:
Նրանցից չորսն ունեցել են կալանավորվածի, իսկ մեկը՝ դատապարտյալի կարգավիճակ։ Գերատեսչության տրամադրած տեղեկության համաձայն՝ նշված անձինք հացադուլ են հայտարարել տարբեր ժամանակահատվածներում։
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում 26.10.2026 թ. դրությամբ հացադուլի մեջ են գտնվում 4 կալանավորված անձ և 1 դատապարտյալ։ Վերջիններս հացադուլ են հայտարարել համապատասխանաբար 14.09.2026 թ., 09.10.2026 թ., 16.10.2026 թ., 22.10.2026 թ. (2 անձ)»,– նշված է պատասխանում։
Այսպիսով, հոկտեմբերի 26-ի դրությամբ` կալանավորված անձանցից մեկը հացադուլը սկսել էր դեռ սեպտեմբերի 14-ին՝ 42 օր առաջ։
Խոսքն Աշոտ Բադալյանի մասին է, որը 2026 թվականի սեպտեմբերի 14-ից հացադուլ է սկսել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Նրա բողոքն ուղղված է դատական համակարգի դեմ։ Բադալյանը պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանքը։
Միաժամանակ արդարադատության նախարարությունը չի տրամադրել հստակ պատասխան քրեակատարողական հիմնարկներում հացադուլի հետևանքով հնարավոր մահվան դեպքերի վերաբերյալ հարցին։
Լրատվամիջոցը գերատեսչությունից հետաքրքրվել էր, թե վերջին վեց տարիների ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հացադուլի հետևանքով քանի մարդ է մահացել։ Սակայն նախարարությունը չի ներկայացրել համապատասխան վիճակագրական տվյալներ և չի պատասխանել նաև այն հարցին, թե նշված ժամանակահատվածում ընդհանրապես արձանագրվե՞լ են նման մահվան դեպքեր։
Փոխարենը նախարարությունը ներկայացրել է անազատության մեջ պահվող անձանց մահվան դեպքերի քննության ընդհանուր ընթացակարգը։
«ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց մահվան յուրաքանչյուր դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, իսկ համապատասխան հիմքերի առկայության պարագայում ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների կողմից քննարկվում է նաև քրեական վարույթ նախաձեռնելու հարցը»,– նշված է նախարարության պատասխանում։
Գերատեսչությունից նաև հայտնել են, որ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվում են դատաբժշկական փորձաքննություններ։





