AM
2 Նոյեմբեր 2026 - 11:53 AMT

Մաթևոսյան․ COP17-ն ավարտվել է, բայց Հայաստանի նախագահությունը շարունակվում է

 

Համբարձում Մաթևոսյանը կարևորել է լրատվամիջոցների ներդրումը համաժողովի լուսաբանման գործում

Երևանում անցկացված COP17 համաժողովի ավարտից հետո Հայաստանը շարունակելու է նախագահությունը, հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում:

Նախարարը նշել է, որ համաժողովի եզրափակիչ մամուլի ասուլիսը հնարավորություն է ընձեռել ևս մեկ անգամ անդրադառնալու համատեղ իրականացված աշխատանքին և երախտագիտություն հայտնելու բոլոր նրանց, որոնց ջանքերով երևանյան համաժողովի ընթացքն ու արդյունքները ներկայացվել են միջազգային հանրությանը։

Մաթևոսյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել միջոցառման աշխատանքները լուսաբանած տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

«Շնորհակալ եմ համաժողովի ամբողջ ընթացքում մեզ հետ այս ճանապարհն անցնելու, աշխատանքային երկար օրերն ու անքուն գիշերները կիսելու, կարևոր հարցեր բարձրաձայնելու և բնության պահպանության օրակարգը հանրության ուշադրության կենտրոնում պահելու համար։

Ձեր աշխատանքի շնորհիվ բանակցային սրահներից դուրս հնչեցին համաժողովի որոշումներն ու ուղերձները, ներկայացվեցին դրանց հետևում կանգնած մարդիկ, տեսանելի դարձան մեր երկրի ջերմությունն ու հյուրընկալությունը։ Ձեր հրապարակումներով աշխարհը ճանաչեց նաև Հայաստանը՝ որպես համախմբող և պատասխանատու գործընկեր։

Համաժողովն ավարտվեց, սակայն Հայաստանի նախագահությունն ու մեր համատեղ աշխատանքը շարունակվում են։ Առջևում ընդունված որոշումները կյանքի կոչելու ճանապարհն է, որի ընթացքում ձեր ուշադրությունն ու հետևողական լուսաբանումը նույնքան կարևոր են լինելու»,-գրել է նա:

Հոկտեմբերի 18-ի երեկոյան Երևանի «Մերիդիան» կենտրոնում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի, պաշտոնական բացումը, իսկ ավարտն ազդարարվել է հոկտեմբերի 31-ին: