AM
2 Նոյեմբեր 2026 - 14:27 AMT

ՀՀ 2027 թ․ պետբյուջեի եկամուտները կհասնեն 10 միլիարդ դոլարի

ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի նախագծով եկամտային մասը սահմանվել է 3 տրիլիոն 604 միլիարդ դրամ կամ մոտ 10 միլիարդ դոլար։ Այս ցուցանիշը ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։

Վարչապետն անդրադարձել է նաև պետական եկամուտների փոփոխության դինամիկային՝ համեմատություններ անցկացնելով 2017 և 2021 թվականների ցուցանիշների հետ, հայտնում է Արմենպրեսը:

«Պետք է արձանագրենք, որ 2017-ի համեմատ 2027 թվականի պետբյուջեի եկամտային մասի աճը կազմում է 191 տոկոս, այսինքն՝ 2017 թվականի համեմատ եկամտային մասը եռապատկվում է: 2021 թվականի համեմատ աճը 114 տոկոս է, մոտ 2.1 անգամ»,- ասել է Փաշինյանը:

Կառավարության ներկայացրած ֆինանսական ծրագրով զգալի ավելացում է նախատեսվել նաև կապիտալ ծախսերի ուղղությամբ։ Մասնավորապես, 2027 թվականի համար ծրագրված կապիտալ հատկացումները 2017 թվականի ցուցանիշը գերազանցելու են 3․2 անգամ, իսկ 2021 թվականի համեմատ նախատեսվել է 3․5-ապատիկ աճ։

Առանձին անդրադարձ է կատարվել կրթության և գիտության ոլորտների ֆինանսավորմանը։

«Կրթության ոլորտում աճը 2017 թվականի համեմատ պլանավորված է 181 տոկոս՝ 2.8 անգամ, 2021 թվականի համեմատ՝ 2.3 անգամ: Գիտության ոլորտում աճը 2017 թվականի համեմատ 2.7 անգամ, 2021 թվականի համեմատ՝ 2.5 անգամ»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը միաժամանակ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պետական բյուջեի ծավալների մեծացմանը զուգահեռ ավելանում են ոչ միայն նախատեսվող ծախսերը, այլև հասարակության ակնկալիքները։

«Ինչքան բարձր է երկրում բարեկեցության մակարդակը, մարդիկ ակնկալում են բարեկեցության ավելի բարձր մակարդակ: Հայաստանի պետական բյուջեի միջոցները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և բնակիչների գործունեության արդյունքում ձևավորված միջոցներն են»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: