Հայաստանի կողմից ԵՏՀ (Եվրասիական տնտեսական հանձնաժողով) ներկայացված բողոքի քննարկումը հետաձգվել է հայկական կողմի առաջարկով։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Հոկտեմբերի 21-ին նախարարը հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը դիմել է ԵՏՀ կոլեգիային՝ պահանջելով Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ սահմանված սահմանափակումները ճանաչել որպես առևտրային բարիեր կամ արհեստական խոչընդոտ։ Հարցի քննարկման համար նիստ էր նախատեսվել նոյեմբերի 3-ին։
«Հետաձգումը ԵԱՏՄ–ում մեր նախարարի ու իմ պայմանավորվածության արդյունքն է»,– նշել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:
Լրագրողները փորձել են պարզել, թե կոնկրետ ինչ հանգամանքներ են պատճառ դարձել նախատեսված քննարկումը հետաձգելու համար, սակայն Պապոյանը հրաժարվել է պատասխանել:
«Ոչ միայն չեմ ուզում ասել, այլ նաև ճիշտ չէ, որ ես դա ասեմ։ Եթե ճիշտ լիներ, որ ես դա ասեի, կասեի»,– ասել է նախարարը։
Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը» մայիսից սկսել է սահմանափակումներ կիրառել Հայաստանից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ։ Հունիսի 2-ից ռուսական վերահսկող մարմինը սահմանափակել է ՀՀ-ից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը։ Սահմանափակումների ցանկում ընդգրկվել են բալը, կեռասը, ծիրանը, սալորը, դեղձը, նեկտարինը և խաղողը։ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցառումների կիրառումը հիմնավորել է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության պահանջների պահպանման անհրաժեշտությամբ։