«Հայաքվե» նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպել Հանրային հեռարձակողի խորհրդի շենքի դիմաց՝ պահանջելով խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանի և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հրաժարականները։
Նախաձեռնության հիմնադիր Ավետիք Չալաբյանը հիշեցրել է, որ սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը հեռուստաընկերությունը ոչ միայն չանդրադարձավ պատերազմի թեմային, Եռաբլուրից հեռարձակում չիրականացրեց, այլև նույն օրը երեկոյան հեռարձակեց համերգ՝ քաղաքացիների ցավին ավելացնելով վիրավորանքը, հայտնում է Panorama.am-ը:
Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում ունեն ցուցակներ՝ հիշեցնելով, որ Հանրային հեռուստաընկերությունը պետք է աշխատաի ամբողջ հանրության համար, Հանրային հեռոիստաընկերությունը հանրությանն է, ոչ թե ՔՊ-ինը։
Նախաձեռնությունը նաև պատրաստել է բաց նամակ-պահանջ, որը հավաքի ընթացքում ընթերցել է Ավետիք Չալաբյանը։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն իր խորին վրդովմունքն է արտահայտում սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակված անպատեհ և անհարգալից հաղորդման, ինչպես նաև Հանրային հեռարձակողի կողմից տարիներ շարունակ իրականացվող կողմնակալ քաղաքականության վերաբերյալ։ Սեպտեմբերի 27-ը մեր ժողովրդի և պետականության համար ողբերգական և սրբազան հիշատակի օր է։ Այդ օրը Հանրային հեռուստաընկերության եթերով անպատեհ, հանրային արժեքները ոտնահարող բովանդակություն հեռարձակելը ոչ միայն անընդունելի է, այլև բացահայտ անարգանք է մեր հասարակության, զոհվածների հիշատակի և Հանրային հեռարձակողի բուն առաքելության հանդեպ։
Այս միջադեպը Հանրայինի ղեկավարության կողմից իրականացվող համակարգային անգործության և քաղաքական ծառայամտության օրինաչափ հետևանքն է։ Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է ՀՀ հարկատուների միջոցներից և օրենքով պարտավոր է պահպանել չեզոքություն ու բազմակարծություն, վերածվել է իշխանական քարոզչամեքենայի: Ընտրական փուլերում Հանրայինը լիովին շեղվել է իր առաքելությունից՝ իրականացնելով բացահայտ և ամբողջական իշխանամետ քարոզչություն, խախտելով հավասար պայմանների և լուսաբանման արդարության բոլոր սկզբունքները։ Քաղաքական հաղորդումների շրջանակներում, մասնավորապես՝ Պետրոս Ղազարյանի վարած հարցազրույցներում, ակնհայտ է ընդգծված կողմնակալ դիրքորոշումը։ Եթերը ծառայեցվում է իշխանական թեզերի առաջմղմանը, իսկ ընդդիմադիր կամ այլախոհ տեսակետները ենթարկվում են թիրախավորման ու մանիպուլյացիաների։
Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանումը կատարվում է բացառապես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շահերից ելնելով՝ լուսանցք մղելով այլընտրանքային տեսակետներն ու խորհրդարանական ընդդիմության գործունեությունը։
Հանրայինի եթեր են բերվում զանազան տիրադավ, եկեղեցական նվիրապետությունն ու ազգային-հոգևոր արժեքները պառակտող անձինք՝ նպատակաուղղված հարված հասցնելով Հայ Առաքելական Եկեղեցուն և հանրային համերաշխությանը։
Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանի և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի անհապաղ հրաժարականը՝ եթերային քաղաքականությունը տապալելու, սեպտեմբերի 27-ի հաղորդման հեռարձակումը թույլ տալու և Հանրայինն իշխանական քարոզչամիջոցի վերածելու համար։ Պահանջում ենք նաև Հանրայինի եթերային քաղաքականության անհապաղ վերանայում և դրա վերադարձ հանրությանը»,-ասվում է նամակում:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի և նրա տեղակալ, ծրագրերի տնօրեն Լևոն Մարգարյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել սեպտեմբերի 27-ին ժամանցային համերգ հեռարձակելու համար։
Հանրային հեռուստաընկերությունն ավելի վաղ սեպտեմբերի 27-ին իր եթերում ժամանցային համերգի հեռարձակումը սխալ էր որակել՝ ընդունելով ամբողջ պատասխանատվությունը։ Երգիչ Թաթա Սիմոնյանը նույնպես անդրադարձել էր իր համերգի ցուցադրմանը և այն անթույլատրելի համարել։ Դեպքից հետո Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարել էր, որ ուսումնասիրելու է կատարվածի հանգամանքները և անհրաժեշտության դեպքում պատասխանատու անձանց նկատմամբ համապատասխան միջոցներ է կիրառելու։





