2027 թվականի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկման ընթացքում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ու պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը քննարկել են քրեակատարողական համակարգում առկա խնդիրները, մահվան դեպքերի վիճակագրությունը, ինքնավնասումների կանխարգելման մեխանիզմները և նոր ՔԿՀ-ի կառուցման հեռանկարները։
Անդրադառնալով ազատազրկման վայրերում մահացության ցուցանիշներին՝ Սրբուհի Գալյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա ընթացքում քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է մահվան 3 դեպք, հայտնում է Factor.am-ը:
«Ինչ վերաբերում է քանակին, թե քանի անձ է մահացել այս տարվա ընթացքում, ապա երեք մահ ունենք: Երեքը դրական ցուցանիշ է նախորդ բոլոր տարիների հետ համեմատած… ինքնասպանությունների հետ կապված մենք Արմավիրում երկու խուց ենք առանձնացրել այս պահին, որոնք իրականում ինքնավնասման հակում ունեցող անձանց համար են նախատեսված»,- ասել է նախարարը։
Գալյանի պարզաբանմամբ՝ դրանց կահավորումն ու ներքին պայմաններն ընտրվել են այնպես, որ հնարավորինս բացառվի այնտեղ պահվող անձանց կողմից սեփական առողջությանը վնաս հասցնելու հնարավորությունը։
Նախարարը տեղեկացրել է նաև, որ հետագայում այդ խցերում նախատեսվում է ներդնել տեսահսկման համակարգ՝ պահպանելով միջազգային չափանիշներով սահմանված պահանջները։
Քննարկման ընթացքում ուշադրություն է դարձվել նաև քրեակատարողական ենթակառուցվածքների արդիականացմանը։ Մասնավորապես, Սրբուհի Գալյանը ներկայացրել է նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման նախաձեռնությունը, որը կառավարությունը մտադիր է իրականացնել պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում։
«Մենք խնդիր ունենք փակելու Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկը: Երբ կունենանք հստակ նախագիծը նոր քրեակատարողական հիմնարկի, ըստ այդմ կորոշենք, բայց նախնական ծրագրով փակման ենթակա էր նաև Գորիսը, փակման ենթակա էր նաև Դատապարտյալների հիվանդանոցը, որը մենք փակեցինք վերջապես»,- ասել է Գալյանը։
Նախարարը հավելել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում արդեն ստեղծվել է 100 մահճակալ ունեցող ստացիոնար բաժանմունք։ Այն նախատեսված է անազատության մեջ գտնվող անձանց առաջնային բժշկական օգնություն տրամադրելու համար։
Խորհրդարանական քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև քրեակատարողական հիմնարկներում կիրառվող ռենտգենյան զննման սարքավորումների արդյունավետությանը և դրանց շահագործման առանձնահատկություններին։
Պատասխանելով պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի դիտարկմանը՝ Գալյանը տեղեկացրել է, որ համակարգում արդեն օգտագործվում են նոր սերնդի, առավել հզոր տեխնիկական միջոցներ, որոնք ապահովում են վերահսկողության ավելի բարձր մակարդակ։
«Մենք հիմա այնպիսի սարքավորումներ ենք ձեռք բերել, որոնք անջատելու հնարավորություն չկա… իրենք գերհզոր սարքավորումներ են, յուրաքանչյուր պատկեր իրենց հիշողության մեջ պահում են»,- նշել է նախարարը։
Սրբուհի Գալյանն անդրադարձել է նաև հոգեկան առողջության խնդիրներ և ինքնավնասման հակումներ ունեցող դատապարտյալների պահման պայմաններին։ Նրա տեղեկացմամբ՝ այդպիսի անձանց զգալի մասն արդեն տեղափոխվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն, որտեղ նրանք շարունակում են պատիժը կրել հատուկ վերահսկողության պայմաններում։





