Հայաստանում ներկայում հաշվառվում է 1718 դատապարտյալ և 1522 կալանավոր, հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ նշելով, որ վերջին հինգ տարում նման հարաբերակցություն չի արձանագրվել։ Այս տվյալները նախարարը ներկայացրել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ընթացքում։
«Մինչև նախորդ տարեվերջ մեր երկրում դատապարտյալների թիվն ավելի նվազ է եղել, քան կալանավորների թիվը, և մենք շատ մեծ աշխատանք ենք արել, որ այդ հարաբերակցությունը փոխվի հօգուտ դատապարտյալների։ Նաև միջազգային զեկույցներում էր դա նշվում որպես խնդիր»,-ասել է նա, հայտնում է «Հայկական ժամանակը»:
Նախարարի խոսքով՝ նախկինում առկա անհամաչափությունը մտահոգության առարկա է եղել նաև միջազգային կառույցների զեկույցներում:
«Այսինքն՝ խոսքը կալանավորման մեծ ծավալների ու այդ համամասնությունը չպահպանելու մասին էր»,- ասել է նախարարը՝ ներկայացնելով ներկայիս վիճակագրությունը։
Գալյանը նշել է, որ արձանագրված փոփոխությունը վկայում է ինչպես կալանավորումների որոշակի կրճատման, այնպես էլ դատական ակտերի կայացման և օրինական ուժի մեջ մտնելու դեպքերի ավելացման մասին։
«Վերջին 5 տարիների ընթացքում այսպիսի թվային ցուցանիշ չենք ունեցել, ինչը վկայում է այն մասին, որ կալանավորումները փոքր-ինչ նվազել են, և նաև խոսում է մեկ այլ բանի մասին՝ դատական ակտերի կայացման և դրանց ուժի մեջ մտնելու դեպքերը շատացել են»,- նշել է արդարադատության նախարարը։
Քննարկման ընթացքում Սրբուհի Գալյանն անդրադարձել է նաև քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների բարելավմանն ու իրականացված վերանորոգման աշխատանքներին։
Նախարարը ներկայացրել է նաև վերանորոգված տարածքների քանակական տվյալները՝ նշելով, որ աշխատանքներն ընդգրկել են ավելի քան 170 օբյեկտ։
«Մենք ընդհանուր 170-ից ավելի օբյեկտում վերանորոգման աշխատանքներ ենք իրականացրել. մոտ 70 խուց և կացարան են վերանորոգվել, կարճատև ու երկարատև տեսակցությունների 10 սենյակ, 20-ից ավելի լոգարան է վերանորոգվել։ Վերանորոգման աշխատանքները կրում են շարունակական բնույթ, և այդ աշխատանքներում ներգրավվում են պատիժ կրող անձինք, որոնք դրանք իրականացնում են որպես աշխատանք, ինչը բալային համակարգի համատեքստում դրական ազդեցություն է ունենում նրանց համար։
Խոսքը պայմանական վաղաժամկետ ազատվելու վերաբերյալ զեկույցների կազմման մասին է»,- ասել է նախարարը:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանը նախարարի ուշադրությունը հրավիրել է «Նուբարաշեն» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկների նախատեսվող փակման և դրանց փոխարեն նոր հաստատություն կառուցելու հարցի վրա, հայտնում է Panorama.am-ը:
«Ստացվում է, որ «Նուբարաշեն» և «Գորիս» ՔԿՀ-ները փակվելու են՝ նորը կառուցելու մտադրությամբ»,-ասել է նա:
Գասպարյանը հետաքրքրվել է, թե նախարարությունն ինչպես է նախատեսում ապահովել այդ հիմնարկում պահվող անձանց անվտանգությունը մինչև նոր ՔԿՀ-ի կառուցման ավարտը, հատկապես հնարավոր արտակարգ իրավիճակների դեպքում։
Նա նաև անդրադարձել է բյուջեով էլեկտրոնային հսկողության սարքավորումների ձեռքբերման համար նախատեսված ֆինանսավորմանը՝ կասկած հայտնելով դրանց արդյունավետության վերաբերյալ։
Ի պատասխան՝ Սրբուհի Գալյանը հայտնել է, որ նոր քրեակատարողական հիմնարկ կառուցելու նպատակով նախապես գեոդեզիական ուսումնասիրություններ են իրականացվել նախկին «Էրեբունի» ՔԿՀ-ի հարակից տարածքում։ Սակայն հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այնտեղ առկա են սահող հողաշերտեր, որոնք խոչընդոտել են շինարարական ծրագրի իրականացումը։
Դրանից հետո դիտարկվել է նոր հիմնարկը Աբովյանում կառուցելու տարբերակը։ Գալյանի խոսքով՝ համապատասխան նախագիծը մշակվել է, սակայն անհրաժեշտ ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով դրա իրականացումը հետաձգվել է։
Անդրադառնալով մինչև նոր հաստատության կառուցումը «Նուբարաշենում» պահվող անձանց հետագա տեղավորման հարցին՝ նախարարը նշել է, որ ներկայում նրանց տեղափոխելու այլ տարբերակ չի ներկայացվում։
«Հարցին, թե ի՞նչ պետք է անենք, մինչև նոր ՔԿՀ-ի կառուցումը, ասեմ՝ ոչ մի բան, մենք չենք կարող էդ մարդկանց տանել մեր տուն, իրենք պետք է մնան այնտեղ»,-հայտարարել է Գալյանը՝ վթարային «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվողների մասին հարցին պատասխանելիս, հավելելով, որ կացարանների բարելավման որոշակի աշխատանքներ տարվում են։
Նախարարի պատասխանից հետո Լիաննա Գասպարյանը կրկին անդրադարձել է հիմնարկի վթարային վիճակին՝ ընդգծելով, որ իր հարցերը որևէ թաքնված ենթատեքստ չունեն և ուղղակիորեն վերաբերում են այնտեղ պահվող մարդկանց անվտանգությանը։
Պատգամավորը մտահոգություն է հայտնել, որ հնարավոր փլուզման դեպքում հետևանքները կարող են ծանր լինել, և անհրաժեշտ է նախապես գնահատել նման վտանգները։
«Ինչ վերաբերում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մինչ շենքային պայմանների լուծումը պահելուն, ես կարծում եմ, որ նրանց ոչ թե մեր տուն, ձեր տուն, կամ այստեղ գտնվողներից մեկի տուն կարելի է տեղափոխել,այլ լավագույն դեպքում երբ արձանագրել ենք, որ այն փլուզման ենթակա է, այդտեղ պահվող անձանց, եթե ոչ գերեզմաններ, այլ բժշկական հաստատություններ կտեղափոխենք, եթե այդպիսի դեպք պատահի, որը իրականությանը շատ մոտ է»,-ասել է նա:





