ԵՄ-ին դիմում ՀՀ կողմից ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում՝ պատասխանելով Euronews-ի հաղորդավարի հարցերին և ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ իր մոտեցումները, հայտնում է Factor.am-ը:
Վարչապետը նաև ասել է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացում Հայաստանը ոգեշնչվել է Վրաստանի վճռականությամբ, հայտնում է 1lurer.am-ը:
«Անկեղծ լինեմ. մեր՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունելու որոշումը կայացնելիս մենք ոգեշնչվեցինք Եվրամիության որոշմամբ և Վրաստանի՝ Եվրոպական միության լիարժեք անդամ լինելու վճռականությամբ։ Մենք մեր բոլոր հնարավորություններով կաջակցենք Վրաստանին, որպեսզի վերջինս իր եվրոպական նկրտումն իրականացնի, քանի որ Վրաստանը թեկնածու երկիր է։ Այսինքն՝ մեզ համար՝ Հայաստանի համար, Վրաստանի հաջողությունը շատ կարևոր է անգամ քաղաքացիների շրջանում մեր եվրոպական քաղաքականության, մեր եվրոպական հեռանկարների ընկալման համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև հայտարարել է, որ Հայաստանի վերջնական նպատակը Եվրամիության լիիրավ անդամ դառնալն է:
Փաշինյանն անդրադարձել է ռուսաստանցի պաշտոնյայի այն հայտարարությանը, թե Հայաստանը կարող է վերածվել «նոր Ուկրաինայի»՝ նման բնորոշումը համարելով ոչ կառուցողական:
«Ես չեմ կարծում, թե դա կառուցողական ձևակերպում է. Հայաստանը չի պատրաստվում այլ բան դառնալ։ Հայաստանը Հայաստան է, և Հայաստանը ավելի ու ավելի ու ավելի է լինելու Հայաստան, լինելու է Հայաստանի Հանրապետություն»,-ասել է նա:
Վարչապետը շեշտել է, որ Հայաստանի իշխանությունների առաջնահերթություններից է երկրի անկախության աստիճանի բարձրացումը։
«Ես նկատի ունեմ անկախության մակարդակը. մեր նպատակն է ամրապնդել, զարգացնել մեր անկախությունը, և դա իրավաչափ, լեգիտիմ նպատակ է։ Ոչ ոք չի կարող Հայաստանին մեղադրել նրա համար, որ Հայաստանն ունի հավակնություն, ձգտում՝ լինելու ավելի անկախ, լինելու ավելի ինքնիշխան, լինելու ավելի ինտեգրված պետություն, և, ի միջի այլոց, շատ կարևոր նրբություն կա, որ կուզեի ձեզ ներկայացնել։
Մեր քաղաքականության մեջ, երբ մենք խորացնում ենք մեր համագործակցությունը Եվրոպական միության հետ, շատ կարևոր է, որ այս քաղաքականության արդյունքում մեր տարածաշրջանից չկտրվենք, քանի որ հիմա տարածաշրջանային քաղաքականությունը մեր երկրի առաջնահերթություններից մեկն է։ Քանի որ մեր անկախության ընթացքում ունեցանք հակամարտություն Ադրբեջանի հետ, ունեցանք կամ ունենք բարդ հարաբերություններ կամ հարաբերությունների բացակայություն Թուրքիայի հետ։
Իհարկե, միշտ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել Վրաստանի հետ, Իրանի հետ։ Սակայն եղել և մնում են որոշ սահմանափակումներ՝ կապված միջազգային պատժամիջոցների հետ և այլն, բայց, գիտեք, մենք Հայաստանը չենք տեսնում մեր տարածաշրջանից դուրս, որովհետև մեր եվրոպական քաղաքականությունը մեզ համար գործիք կամ միջոց չէ կտրվելու կա՛մ քաղաքականապես, կա՛մ հոգեբանորեն, կա՛մ տնտեսապես առանձնանալու մեր տարածաշրջանից։
Հակառակը, և, իհարկե, մենք շատ ուրախ ենք, ու մի շատ կարևոր նրբություն կա, որ երբեմն մենք չենք տեսնում. մեր չորս հարևաններից երկուսը Եվրոպական միության թեկնածու պետություններ են՝ Թուրքիան և Վրաստանը։ Եվ դա առավելություն է, օգուտ է մեր եվրոպական քաղաքականության համար։
Հուսանք՝ Հայաստանը կլինի երրորդ թեկնածու պետությունը մեր տարածաշրջանում։ Բայց, իհարկե, մեր նպատակը թեկնածու լինելը չէ, բնականաբար, լիարժեք անդամ լինելն է»,- ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և զարգացումներին, խաղաղության ամրապնդմանը միտված քայլերին:
ՀՀ վարչապետը ներկայացրել է տարածարջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, TRIPP նախագծի իրականացման ու դրա արդյունքում ստեղծվելիք հնարավորությունները:





