«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի և ԱԺ-ում խմբակցության նախագահ Նարեկ Կարապետյանի և թվով ևս 65 բնակարաններում խուզարկությունների մասին՝ նշելով, որ «Ուժեղ Հայաստանը» չի հրաժարվելու «Հայաստանի անկախությունը պաշտպանելու իր պայքարից»։
«Փաշինյանը խուճապի մեջ է, քանի որ պարտվում է Ալիևի սահմանադրության դեմ պայքարում, և այդ պատճառով իրեն դարձյալ բռնապետի պես է պահում։
Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել։ Նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի անկախության համար այս պայքարում, քանի որ ժողովուրդը մեր կողքին է։
Փաշինյանը փորձում է խոչընդոտել Հայաստանը փրկելու մեր պայքարին, բայց մենք կհաղթենք, և մեր հաղթանակի հետ կհաղթի նաև Հայաստանը։
ԵԽԽՎ-ի՝ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների մասին հայտարարությունից հետո Փաշինյանն այժմ փորձում է խախտումներով ուղեկցել նաև Սահմանադրության փոփոխության գործընթացը։
Մենք պայքարում ենք Ալիևի սահմանադրության դեմ՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման։ Փաշինյանը պայքարում է մեր դեմ, բայց մենք հաղթելու ենք, և հաղթելու է ժողովրդավարությունը։
«Ուժեղ Հայաստանը» չի հրաժարվելու Հայաստանի անկախությունը պաշտպանելու իր պայքարից։ Մենք պայքարելու ենք և հաղթելու ենք»,-ասվում է հայտարարության մեջ:
Նոյեմբերի 4-ի վաղ առավոտից Քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և Ազգային ժողովի համանուն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։ Հետագայում ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրությամբ պարզաբանել է, որ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվում 65 տարբեր հասցեներում։
Հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է ներկայացնել Սահմանադրության փոփոխությունների այնպիսի նախագիծ, որը կարող է ընդունելի լինել նաև ընդդիմության համար։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ իշխանություններն ունեն հասարակական լայն ճնշում ձևավորելու հնարավորություն, որի արդյունքում ընդդիմադիր պատգամավորները կարող են ստիպված լինել աջակցել սահմանադրական փոփոխությունների նախագծին։





