AM
4 Նոյեմբեր 2026 - 15:20 AMT

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրել է որոշումը:

Նորանշանակ փոխնախարարին վերապահվել է սպորտի ոլորտի համակարգման պատասխանատվությունը։

Սիմոնյանը բարձրագույն մասնագիտական կրթություն է ստացել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, որտեղ հետագայում շարունակել է իր մասնագիտական և աշխատանքային գործունեությունը։

1996 թվականից նա դասախոսական աշխատանք է իրականացրել նույն բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ տարիների ընթացքում զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ։

Մասնավորապես, Սիմոնյանը եղել է բուհի Հ․ Թոփալյանի անվան ցիկլիկ մարզաձևերի ամբիոնի գիտական աշխատանքների պատասխանատուն, ինչպես նաև ղեկավարել է Մարզչամանկավարժական ֆակուլտետը՝ զբաղեցնելով դեկանի պաշտոնը։

Նա ընդգրկված է եղել նաև ինստիտուտի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացն իրականացնող աշխատանքային խմբում։

2024-2026 թվականներին Տիգրան Սիմոնյանը ղեկավարել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը՝ զբաղեցնելով ռեկտորի պաշտոնը։

Նորանշանակ փոխնախարարը 1984 թվականից զբաղվել է աթլետիկայով, ընդգրկված է եղել Հայաստանի աթլետիկայի ազգային հավաքականի կազմում և մրցանակային տեղեր է զբաղեցրել հանրապետական ու միջազգային տարբեր մրցաշարերում։