ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտարարել է, որ բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը կանխելու նպատակով համապատասխան աշխատանքներ են տարվում, կոնկրետ մասնագիտական հանձնաժողով է աշխատում:
Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվում, հայտնում է Aysor.am-ը:
«Շատ երկար ժամանակ է դրա համար պահանջվում, ես հիմա չունեմ այդ ժամանակը»,- ասել է ԳՇ պետը։
Ասրյանը հավատացրել է, որ այս հարցը բոլորից առավել իրենց է հուզում՝ նշելով, որ բանակում ինքնասպանությունների դեպքերով կոնկրետ մասնագիտական հանձնաժողով է աշխատում։
«Մենք էլ պետք է հասկանանք, թե ինչպես է դա բերում դրան, որովհետև կան հանգամանքներ, որ չպետք է բերեն դրան»,- հավելել է Ասրյանը։
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը նոյեմբերի 3-ին Ազգային ժողովում հայտարարել է, որ զինծառայողների ինքնասպանության որոշ դեպքերի պատճառ է դարձել նրանց՝ որոշակի սեկտայի (աղանդի) հարելը:
«Սա ազգային անվտանգության խնդիր է, և հիմա դրանով մենք պրոցեսներ կսկսենք։ Առաջիկայում մեր հանրությունը նաև իրազեկ կլինի այդ բացահայտումներին։ Սա բոլոր դեպքերի մասին չի խոսքը, մի քանի դեպքեր արդեն այսպիսի ունենք»,- նշել է Պողոսյանը։





