ԿԳՄՍ նախարարության Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենին մեղադրվում է դիմորդների ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու մեջ, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ նշված պաշտոնատար անձը, քոլեջի դիմորդի ուսումն անվճար կազմակերպելու դիմաց, վերջինիս ծնողներից 2026 թվականի տարբեր ամիսների ստացել է ընդհանուր 350,000 ՀՀ դրամ կաշառք:
Բացի այդ, քոլեջի տարբեր բաժիններում ևս 2 դիմորդի ուսումն անվճար կազմակերպելու համար հիշյալ պաշտոնյան նույն ժամանակահատվածում նրանց ծնողներից նույնպես ստացել է 350,000-ական ՀՀ դրամ կաշառք:
Նշված գործընթացը կազմակերպելու համար կաշառք տվողին օժանդակել է նույն քոլեջի 2 դասախոս՝ կաշառք տվողի և ստացողի միջև միմյանց չճանաչելու խոչընդոտը վերացնելու և նրանց միջև փոխվստահության մթնոլորտ ստեղծելու եղանակով:
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար: Նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել ևս 6 անձի: Ներկայացված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ։
Նախաքննության ընթացքում կատարված խուզարկությունների արդյունքում կաշառքի առարկա հանդիսացող ավելի քան 1 մլն դրամ գումարն առգրավվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան:





