AM
4 Նոյեմբեր 2026 - 14:08 AMT

ՆԳ նախարար․ Նախնական գնահատականով՝ Ուշիի ավտովթարի հնարավոր պատճառը արգելակների խնդիրն է եղել

Ըստ պարեկների նախնական գնահատականի՝ Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի պատճառը եղել է մեքենայի արգելակման խնդիրը։ Այդ մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:

«Բայց շատ նախնական է, խնդրում եմ՝ որևէ մեկն այս հիմնավորմամբ չմեկնաբանի դեպքը, վարույթով դեռ պետք է հստակ հասկանանք պատճառները»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ Հայաստանում, ցավոք սրտի, անվտանգային վարման մշակույթ չկա։

«Բոլորս վարում ենք այնպես, ինչպես մեզ է հարմար»,- հավելել է Սարգսյանը։

Նոյեմբերի 3-ին, ժամը 20։55-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը հաղորդում է ստացել Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի հարևանությամբ տեղի ունեցած խոշոր վթարի մասին։ Դեպքի վայրում պարզվել է, որ բախվել է 4 ավտոմեքենա՝ զոհվել է 9 քաղաքացի, իսկ ևս երեք մարդ ստացել է մարմնական վնասվածքներ։