Նոյեմբերի 7-ից նախատեսվում է վերսկսել Երևանի և Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը։ Չվերթերը կիրականացնի GullivAir ավիաընկերությունը՝ համագործակցելով Bulgaria Air-ի հետ։
Սոֆիա–Երևան–Սոֆիա երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ։ Ուղևորները հնարավորություն կունենան օգտվելու ուղիղ չվերթերից յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին, հայտնում է Արմենպրեսը GullivAir ավիափոխադրողի վրա հղումով:
Հրապարակված ժամանակացույցի համաձայն՝ ձմեռային թռիչքային ծրագիրը կգործի մինչև 2027 թվականի մարտի 25-ը։
Միաժամանակ ավիափոխադրողը դիտարկում է նաև ամառային սեզոնի ընթացքում նույն ուղղությամբ ավիահաղորդակցությունը պահպանելու հնարավորությունը։ Այդ որոշումը պայմանավորված կլինի ուղևորների պահանջարկով և երթուղու նկատմամբ հետաքրքրությամբ։
Վերականգնվող ավիաերթուղու առաջին չվերթը նախատեսված է նոյեմբերի 7-ին։
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում առաջին ինքնաթիռի ժամանման կապակցությամբ նախատեսվում է պաշտոնական դիմավորման արարողություն։ Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև Հայաստանի պետական կառույցների ներկայացուցիչներ։
Երևանի և Սոֆիայի միջև ուղիղ ավիաչվերթերի վերագործարկումը հնարավորություն կտա ամրապնդելու Հայաստանի և Բուլղարիայի օդային հաղորդակցությունը՝ երկու երկրների քաղաքացիների համար ճանապարհորդությունները դարձնելով առավել մատչելի և հարմարավետ։





