AM
5 Նոյեմբեր 2026 - 16:57 AMT

«Միասնության թևեր» կուսակցությունը պատրաստ է միանալ ընդդիմադիր ուժերին

«Միասնության թևեր» կուսակցությունը պատրաստ է միանալ ընդդիմադիր ուժերին: Այդ մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ քաղաքական տարաձայնությունների առկայությունը, նախկինում ունեցած բազմաթիվ հարցերի շուրջ անհամաձայնությունները չեն կարող որոշիչ լինել հայրենիքի համար ճգնաժամային վիճակում միավորվելու համար։

«Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր քաղաքական և հասարակական ուժերի հետ համատեղ ձևավորելու Հայաստանի ինքնիշխանության, պետական անվտանգության, սահմանադրական կարգի և ազգային ինքնության պաշտպանության օրակարգը և համաձայնեցնելու դրա իրականացման քայլերը»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ համախմբման անհրաժեշտությունը պայմանավորված է «արտաքին պարտադրանքի և ներքին քաղաքական ճնշումների փոխկապակցված վտանգներով»։

«Հայ հասարակությունում չկա և չի կարող լինել անկախության հռչակագրից հրաժարվելու պահանջ։ Հետևաբար այդպիսի օրակարգը մեր արտաքին թշնամիների օրակարգն է, որը սպասարկում է գործող իշխանությունը, իսկ ցանկացած նման զիջում բերելու է նոր պահանջների և զիջումների։

Այս համատեքստում ենք գնահատում նաև նոյեմբերի 4-ին Սամվել Կարապետյանի և նրա հետ առնչվող անձանց նկատմամբ իրականացված քննչական գործողությունները։ Առանց գործի քրեաիրավական հանգամանքների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու՝ դրանց ծավալն ու քաղաքական միջավայրը հիմք են տալիս գնահատելու, որ հետապնդվում է նաև ընդդիմության դիմադրությունը թուլացնելու և սահմանադրական փոփոխությունների համար նպաստավոր ներքաղաքական պայմաններ ստեղծելու նպատակ։

Ընդդիմության նկատմամբ «հանրային ճնշում» գործադրելու և այն կառավարող մեծամասնության կողմից առաջնորդելու մասին հնչող ելույթները խորացնում են այդ մտահոգությունը։ Մենք խստորեն դատապարտում ենք պետական լծակներն ընդդիմախոսներին ճնշելու, քաղաքական այլախոհությունը սահմանափակելու և հանրային քննարկումը վախի մթնոլորտով փոխարինելու ցանկացած գործելակերպ։

Հավատարիմ մեր հրապարակային դիրքորոշմանը և արձանագրելով, որ նոյեմբերի 4-ին ընդդիմադիր ուժերի համատեղ հայտարարության մասին «Միասնության թևեր» կուսակցությունը տեղեկացել է մամուլից՝ պատրաստ ենք մասնակցելու այս սկզբունքների վրա հիմնված համախմբման նախաձեռնություններին»,-ասվում է հայտարարության մեջ:

Համատեղ հայտարարությունը ստորագրել են «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, «Հայաքվե», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», «Միասին», «Դեմոկրատական այլընտրանք», «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» քաղաքական ուժերը։