AM
5 Նոյեմբեր 2026 - 18:07 AMT

Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչև փետրվարի 8-ը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգելու վերաբերյալ՝ սահմանելով նոր ժամկետ մինչև 2027 թվականի փետրվարի 8-ը։

«Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստի ժամանակ նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը Սարգսյանի տնային կալանքը երկարաձգել է ևս 3 ամսով։

Հանրային մեղադրողը դատարանին միջնորդություն է ներկայացրել՝ առաջարկելով անփոփոխ թողնել Սարգսյանի նկատմամբ սահմանված խափանման միջոցը։ Միաժամանակ մեղադրողը դրա կիրառման ժամկետի որոշումը թողել է դատարանի հայեցողությանը, հայտնում է Panorama.am-ը:

«Արդեն մեկ տարի 4 ամիս ես և Բագրատ Սրբազանը գտնվում ենք կալանքի մեջ, իսկ 16 արդարները՝ տարբեր ժամանակներում։ Շատ դեպքեր են եղել, ասել ենք՝ այս դահլիճում արդարադատություն չի իրականացվում։ Սա փնթի կարված գործ է։ Ես իմ փաստաբաններին խնդրել եմ, խնդրում եմ միջնորդություն չանել, քանի որ այս դահլիճում արդարադատություն չկա… Ոչ թե հոգնել ենք, այլ հասկացել ենք՝ այս դահլիճում արդարադատություն չկա, կարիք չկա մեր թանկ ժամանակն ու խոսքերն այստեղ օգտագործել։

Միջնորդում եմ միանգամից 1 տարի երկարացրեք, որ ամեն անգամ, ամեն ապօրինի որոշում կայացնելիս ոչ մեղադրողն իրեն վատ զգա, ոչ էլ դուք»,- ասել է Սարգսյանը՝ դիմելով դատավորին։

Սարգսյանի ելույթից հետո դատավոր Կարեն Ֆարխոյանը ներկայացրել է դատարանի դիրքորոշումը՝ նշելով, որ պատգամավորի նկատմամբ կիրառված խափանման միջոցի իրավաչափության վրա ազդող հանգամանքների փոփոխություն չի արձանագրվել՝ խոչընդոտելու ռիսկերի հավանականությունը առկա են, այդպիսիք չեն նվազել:

Դատարանը վերացրել է գործով ընթացող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ կիրառված ժամային սահմանափակումները, վարչական հսկողությունը կկիրառվի առանց էլեկտրոնային սարքի։

Արթուր Սարգսյանն ընտրվել է 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր, սակայն այս ԱԺ-ն նրան անձեռնմխելիությունից չի զրկել։ Փոխարենը, դատարանը որոշել է, որ նա պետք է մնա կալանքի մեջ, քանի որ 8-րդ գումարման ԱԺ-ն նրան զրկել է անձեռնմխելիությունից։