ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը հաջորդ շաբաթ կարող է որոշում ընդունել կազմակերպությունում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Հայաստանն արդեն ավելի քան երկու տարի անդամավճար չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի և որոշում ընդունվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու, ավելի ճիշտ՝ մինչև անդամավճարների վճարումը ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ։ Սա բացառապես տեխնիկական հարց է, որը նախատեսված է կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածով։ Հետևաբար, նման արդյունքը հնարավոր է, սակայն ամեն ինչ կախված է նախագահի որոշումից»,– պարզաբանել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Պանկինը հիշեցրել է, որ Ռուսաստանը ներկայում նախագահում է ՀԱՊԿ-ում և պատասխանատվություն է կրում կազմակերպության օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի համար։
«Տեղի կունենա ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին կնախորդի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, ինչպես նաև Անվտանգության խորհուրդների քարտուղարների եռակողմ հանդիպումը։ Հայաստանի հարցը գուցե ամենագլխավորը չէ, սակայն հանրության համար կարող է ամենահետաքրքիրը լինել, քանի որ ՀԱՊԿ-ը համագործակցության, համատեղ խնդիրների և նպատակների մասին է»,– ընդգծել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայաստանի վերաբերյալ խնդիրը քննարկվելու է հաջորդ շաբաթ նախատեսված միջոցառումների ընթացքում, Պանկինը նշել է. «Հավանաբար՝ այո, այն կարող է քննարկվել, սակայն ամեն ինչ կախված է նրանից՝ մյուս բոլոր մասնակիցները կհամաձայնե՞ն այն քննարկել, թե ոչ։ Կարծում եմ՝ հարցը կքննարկվի»։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը նախատեսված է նոյեմբերի 11-ին՝ Մոսկվայում։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ կողմ է ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացմանը և գոհ կլինի, եթե նման որոշում ընդունվի։ Նրա խոսքով՝ առաջիկա հինգ տարիներին Հայաստանը մտադիր չէ ակտիվացնել իր գործունեությունը կազմակերպությունում, քանի որ ՀԱՊԿ-ի նկատմամբ երկրի հետաքրքրությունն արդեն սպառվել է։
2024 թվականի սեպտեմբերին Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Որպես այդ քայլի հիմնավորում՝ վարչապետը պնդել է, որ կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի ինքնիշխանության համար։





