AM
5 Նոյեմբեր 2026 - 15:13 AMT

Միրզոյան․ ՀՀ և Ադրբեջանի միջև լիարժեք հաշտեցումն անհնար է առանց գերիների և անհետ կորածների հարցերի լուծման

Հայաստանի և Ադրբեջանի միջև լիարժեք հաշտեցումն անհնար է առանց գերիների և անհետ կորածների հարցերի լուծման և մյուս հումանիտար հարցերի համապարփակ հասցեագրման, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ: Նա արձագանքել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանի բարձրացրած հարցին։

Նա հավելել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների և անհետ կորած անձանց հարցերի լուծումը պետք է դիտարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդման և ինստիտուցիոնալացման համատեքստում, հայտնում է Auroranews.am-ը:

Նախարարի խոսքով՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու երկու երկրների միջև համագործակցության հաստատումը դեռևս չեն նշանակում հաշտեցման գործընթացի ավարտ։ Խաղաղության հաստատմանը պետք է հաջորդի երկարատև հաշտեցման գործընթաց, որի կարևորագույն բաղադրիչներից է հումանիտար խնդիրների ամբողջական կարգավորումը։

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման: Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։