TRIPP-ի և այլ նախագծերի իրականացման արդյունքում Հայաստանը տարանցիկ ուղի կդառնա նաև ադրբեջանական բեռների համար, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում:
Նախարարն այd մասին խոսել է 2027 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ընթացքում՝ ներկայացնելով Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի և տնտեսական համագործակցության ընդլայնման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները, հայտնում է Auroranews.am-ը:
«Մեր հանձնառությունն է րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ապա նաև վավերացումը։ Մինչ այս ֆիզիկապես հնարավոր դառնալը մենք շարունակելու ենք խաղաղությունից բխող և խաղաղությունն էլ ավելի ամրապնդող մի շարք քայլերի և համագործակցության ուժեղացումը, ընդլայնումը, ինչպիսիք են, օրինակ, երկկողմ առևտուրը, այս դեպքում` առայժմ դեռ միայն Ադրբեջանի կողմից իր տարածքի բացումը Հայաստան եկող և Հայաստանից գնացող բեռների համար»,-ասել է նախարարը։
Խոսելով TRIPP-ի մասին՝ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի հյուսիսն ու հարավը կկապվեն Նախիջևանի տարածքով, երկաթուղու միջոցով Հայաստանը կկարողանա առևտուր իրականացնել Ադրբեջանի հետ, ինչպես նաև ապրանքներ կգնի ու կվաճառի երրորդ երկրներին։ Հայելային կերպով նույն հնարավորությունները կլինեն Ադրբեջանի համար։
Նախարարը նշել է, որ TRIPP-ի փաստաթղթային գործընթացի ավարտից հետո նախատեսվում է հնարավորինս արագ անցնել ենթակառուցվածքների կառուցմանն ու շահագործմանը, հայտնում է Panorama.am-ը:
«TRIPP համաձայնագիրn ԱԺ կողմից վավերացվեց, այժմ արդեն կստորագրվի TRIPP զարգացման ընկերության բաժնետերերի միջև համաձայնագիրը և կանոնադրությունը, այդպես, մեծ հաշվով, TRIPP-ի փաստաթղթային գործընթացը կհամարենք ավարտած, կկարողանանք անցել գետնի վրա աշատանքին»,-ասել է նա։
Նա հիշեցրել է, որ TRIPP նախագծերը, որոնք, նրա ներկայացմամբ, տարբեր ենթակառուցվածքներ են՝ երկաթուղի, էլեկտրահաղորդակցության գծեր, օպտիկական մալուխներ, ապագայում կողմերի միջև ցանկություն կա ունենալ գազամուղ, նավթամուղ, այլ հնարավոր ենթակառուցվածքներ։





