AM
5 Նոյեմբեր 2026 - 14:51 AMT

ԱԳՄԱ 2027 թվականի ֆինանսավորումը կաճի մոտ 3․4 միլիարդ դրամով

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության 2027 թվականի բյուջետային հատկացումները նախատեսվում է ավելացնել 3․4 միլիարդ դրամով՝ հասցնելով 22 միլիարդ 515 միլիոն դրամի։ Այդ մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարի ներկայացրած տեղեկությունների համաձայն՝ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությանը տրամադրվելիք ընդհանուր ֆինանսավորումից 480 միլիոն դրամը նախատեսվում է հատկացնել կապիտալ բնույթի ծախսերի իրականացմանը, հայտնում է Արմենպրեսը:

Նախարարը ներկայացրել է նաև հաջորդ տարի Եվրոպական միության երկրների աջակցությամբ իրականացվելիք նպատակային ծրագրերի ցուցանիշները:

«2027 թվականի բյուջեով նախատեսվել է 41 մլրդ 809 մլն դրամի ծրագրերի իրականացում, որից 7 մլրդ դրամը համաֆինանսավորվում է կառավարության կողմից, 34 մլրդ դրամը տրամադրվում է տարբեր կառույցների կողմից։ Այս ծրագրերն իրականացվում են ոռոգման համակարգի առողջացման, կոշտ թափոնների կառավարման, ճանապարհային ցանցի բարելավման, ջրամատակարարման և ջրահեռացման, քաղաքային զարգացման, տարածքային զարգացման, անցակետերի արդիականացման, էներգաարդյունավետության ծրագրերի շրջանակներում»,- ասել է Հովհաննիսյանը:

Ֆինանսների նախարարը տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի համար ևս նախատեսվել է մոտ 41 միլիարդ դրամի ֆինանսավորում։ Նրա ներկայացմամբ՝ այդ ամբողջ գումարն ուղղվելու է ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանը։

«Քաջարան-Ագարակ ճանապարհի և թունելի կառուցման աշխատանքները ֆինանսավորվում են վարկային ծրագրով և այստեղ ունենք 19 մլրդ դրամի ֆինանսավորում և 21 մլրդ դրամի համաֆինանսավորում Կառավարության կողմից»,- նշել է ֆինանսների նախարարը: