ՀՀ կառավարությունը 400 մլն դրամ կհատկացնի 63–72 տարեկան քաղաքացիներին իրենց տնտեսական ներուժն իրացնելու և բիզնես նախաձեռնություններով հանդես գալու համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը նշել է, որ կան նշված տարիքի անձինք, որոնք ունեն երկար տարիների կուտակած մասնագիտական գիտելիք, ունեն մեծ ցանկություն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, սակայն չունեն մեկնարկային կապիտալ և հմտություններ, հայտնում է Sputnik Արմենիան:
Այդ իսկ պատճառով, կառավարությունը նրանց համար կկազմակերպի անվճար դասընթացներ` բազային գիտելիքների ստացման համար, որը բավարար կլինի սկսելու սեփական գործը, կատարել համապատասխան հաշվարկներ, մարքեթինգային որոշակի գործունեություն ծավալել։
«Այս ծրագրի շրջանակում նրանք կկարողանան դիմել տեղական բանկերին և ստանալ պետական աջակցություն։ Շատ կարևոր է նշել, որ այստեղ խոսքը չի գնում վարկային ծրագրի մասին, այլ խոսում ենք հենց պետական աջակցության մասին, ու եթե ծրագրի բոլոր պայմանները պահպանվեն, ապա գումարի վերադարձի խնդիր չի լինի»,– ընդգծել է Խաչատրյանը։
Նա տեղեկացրել է, որ փոխանցումները կլինեն բանկային ուղիղ փոխանցումների միջոցով, այսինքն` կանխիկ գումար չի շրջանառվի։ Առնվազն 400 անձի համար կրթական ծրագրի իրականացման համար աջակցությունը կլինի մինչև 2 մլն դրամ, ընտրված 200 անձի համար արդեն կտրամադրվեն ֆինանսական համապատասխան միջոցներ։
Փոխնախարարը նշել է, որ ծրագիրն իրականացվելու է պիլոտային տրամաբանությամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ այս քննարկման լավ լուրն այն է, որ 63 տարեկան անձը ծեր մարդ չէ, անգամ 72 տարեկան անձը ծեր չէ։
«Շատ դեպքերում մարդուն թոշակառու պիտակը կպցնելով` նպաստում ենք նրանց տնտեսական ապակտիվացմանը։ Մենք քաղաքական ուղերձ ունենք հղելու, որ 63 տարեկան անձանց համար դեռ կյանք կա դիմացն ապրելու»,– ընդգծել է նա։
Ըստ այդմ` նա էկոնոմիկայի փոխնախարարին կոչ է արեել ծրագրերը մշակելիս հատուկ ուշադրություն դարձնել ձևակերպումներին։
Ծրագրի շահառու կարող են դառնալ 63–72 տարեկան ՀՀ քաղաքացիները, որոնք արդեն իրականացնում են ձեռնարկատիրական գործունեություն կամ ընտրվելու դեպքում պարտավորվում են մինչև աջակցության պայմանագրի կնքումը գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր կամ ձեռք բերել իրավաբանական անձի հիմնադրի կամ գործադիր մարմնի ղեկավարի կարգավիճակ։
Նախապատվությունը կտրվի սահմանամերձ, ապա լեռնային և բարձրլեռնային, այնուհետև այլ գյուղական և քաղաքային բնակավայրերի դիմողներին։ Միևնույն առաջնահերթության խմբում առավելություն կունենան կրթական ծրագրին դիմելու պահին կենսաթոշակ ստացող և վարձու աշխատող չհանդիսացող քաղաքացիները։





