AM
6 Նոյեմբեր 2026 - 18:12 AMT

Միջպետական փոխադրումների վարորդների վկայականների համար անվտանգության նոր չափանիշներ են նախատեսվում

Կառավարությունն առաջարկում է հստակեցնել միջպետական փոխադրումներ իրականացնող վարորդներին տրվող մասնագիտական որակավորման վկայականի (ՄՈՎ) անվտանգության պահանջները, հայտնում է Iravaban.net-ը:

Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

Ներկայում գործող իրավական կարգավորումների համաձայն՝ մասնագիտական որակավորման վկայականի անվտանգության մակարդակը պետք է համարժեք լինի վարորդական վկայականի համար սահմանված անվտանգության մակարդակին։

Սակայն նախագծի հիմնավորման մեջ արձանագրվել է, որ նման ձևակերպումը բավարար չափով հստակ չէ և չի սահմանում այն կոնկրետ պահանջները, որոնցով պետք է ապահովվի փաստաթղթի պաշտպանվածությունը։

Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 5-րդ կետում՝ սահմանելով մասնագիտական որակավորման վկայականի վրա կիրառվող պաշտպանական տարրերը։

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել մասնագիտական որակավորման վկայականի անվտանգության՝ միջազգայնորեն կիրառելի պահանջները, հստակեցնել դրա տպագրության ընթացքում օգտագործվող պաշտպանական տարրերը և բացառել փաստաթղթի կեղծման հնարավորությունը։

Նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացում կամ նվազում չի նախատեսվում։

Նշվում է, որ փոփոխությունը պայմանավորված է նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի «Տրանսպորտ» բաժնի 28-րդ կետի կատարման անհրաժեշտությամբ։