AM
6 Նոյեմբեր 2026 - 18:44 AMT

Առաջարկվում է ՌՈ-ին իրավունք տալ վերահսկելու թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցությունը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մշակել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է ռազմական ոստիկանությանը տրամադրել լրացուցիչ լիազորություններ։

Մասնավորապես, կառույցը կարող է իրավունք ստանալ վերահսկելու թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցությունը, ստեղծելու իրականում գոյություն չունեցող կազմակերպություններ և օգտվելու ազգային անվտանգության մարմինների պատրաստած քողարկող փաստաթղթերից, հայտնում է Factor.am-ը:

Նախատեսվում է, որ թվային և հեռախոսային հաղորդակցության վերահսկումն իրականացվելու է նույն ընդհանուր պահանջներով, որոնք արդեն գործում են ոստիկանության, քրեակատարողական ծառայության մարմինների և Հակակոռուպցիոն կոմիտեի համար։

Պաշտպանության նախարարությունը փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորել է ռազմական ոստիկանության օպերատիվ-հետախուզական և հետաքննչական հնարավորությունների ընդլայնմամբ։

Գերատեսչության ներկայացրած հիմնավորման համաձայն՝ ներկայում ռազմական ոստիկանության տրամադրության տակ գտնվող իրավական գործիքները բավարար չեն կառույցի առջև դրված բոլոր խնդիրներն արդյունավետ իրականացնելու համար։ Մասնավորապես, նախարարությունը կարևորել է հանցագործություններին արագ արձագանքելու, դրանք ժամանակին կանխելու, հայտնաբերելու և բացահայտելու հնարավորությունների զարգացումը։

Նախագծի հեղինակներն ուշադրություն են հրավիրել նաև հանցագործությունների բնույթի և կատարման մեթոդների շարունակական փոփոխության վրա։

Նախարարության գնահատմամբ՝ տարեցտարի փոխվում են ոչ միայն հանցավոր արարքների տեսակները, այլև դրանց կազմակերպման և իրականացման եղանակները։ Հանցագործությունները նախապատրաստելու, դրանց հետքերը թաքցնելու կամ կատարվածը պարտակելու նպատակով ավելի հաճախ են կիրառվում տեխնիկական միջոցներ, այդ թվում՝ բջջային հեռախոսակապ և ինտերնետային հաղորդակցություն։

Առանձնացվել են նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ընթացքում առաջացող դժվարությունները։ Որպես այդպիսի դեպքերի օրինակներ՝ ՊՆ-ն ներկայացրել է թմրամիջոցների, զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառությունը, զինվորական գույքի հափշտակությունները, ինչպես նաև պաշտոնատար անձանց մասնակցությամբ կատարվող հանցագործությունները։

Ըստ նախագծի հիմնավորման՝ նման իրավախախտումները հաճախ ունեն թաքնված բնույթ, իսկ դրանց մասնակիցները կարող են գործել բարդ կազմակերպված սխեմաներով՝ ձեռնարկելով հանցագործության հետքերը վերացնելու կամ քողարկելու միջոցներ։

Գերատեսչության համոզմամբ՝ նման գործիքակազմի առկայությունը հնարավորություն կտա առավել արդյունավետ պայքարել զինված ուժերում կատարվող ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեմ՝ ապահովելով դրանց կանխարգելումը, խափանումը, հայտնաբերումն ու բացահայտումը։

Առաջարկվող փոփոխության կիրառման հնարավոր ուղղություններից մեկը զինված ուժերում ինքնասպանության հասցնելու և շորթման դեպքերի կանխումն է։

Պաշտպանության նախարարությունը գտնում է, որ հաղորդակցության վերահսկման հնարավորությունը կարող է նպաստել այդպիսի հանցագործությունների հանգամանքների, պատճառների և դրանց առաջացմանը նպաստող պայմանների բացահայտմանը։

Մասնավորապես, ակնկալվում է, որ նոր լիազորությունը կօգնի հայտնաբերել զինծառայողների միջև ոչ կանոնադրական հարաբերությունները, ինչպես նաև քրեական ենթամշակույթին բնորոշ վարքագծի դրսևորումները։

Նախագծով նախատեսված մյուս կարևոր փոփոխությունը վերաբերում է ռազմական ոստիկանության օպերատիվ գործունեության գաղտնիության ապահովմանը։ Առաջարկվում է կառույցին թույլատրել իր ծառայողական խնդիրների իրականացման նպատակով օրենքով սահմանված ընթացակարգով ստեղծել կազմակերպություններ, որոնք իրականում գոյություն չունեն։

Նախարարության հիմնավորմամբ՝ այդ հնարավորությունը նախատեսված է օպերատիվ-հետախուզական գործողությունների մեթոդները, կիրառվող միջոցներն ու դրանց իրականացման հանգամանքները գաղտնի պահելու համար։

Գերատեսչությունը կարևորել է նաև քողարկված գործունեության պայմաններում անհրաժեշտ գաղտնապահության ապահովումը, ինչը, ըստ նախագծի հեղինակների, կարող է բարձրացնել օպերատիվ միջոցառումների արդյունավետությունը։

Բացի այդ, առաջարկվել է ռազմական ոստիկանությանը հնարավորություն տալ օգտագործելու ազգային անվտանգության մարմինների կողմից պատրաստված քողարկող փաստաթղթերը։

Այս փոփոխությունը ևս հիմնավորվել է օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում գաղտնիության պահպանման և համապատասխան միջոցառումների արդյունավետ իրականացման անհրաժեշտությամբ։

Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ փոփոխությունների ընդունումը կարող է նպաստել զինված ուժերում իրավախախտումների կանխարգելման համակարգի կատարելագործմանը։