AM
6 Նոյեմբեր 2026 - 17:59 AMT

Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել է

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով նախատեսված դատական նիստը հետաձգվել է։ Մեղադրող դատախազները ներկա չէին նիստին և այդ մասին ծանուցում էին ներկայացրել դատարան, հայտնում է Radar.am-ը:

Հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 4-ին։

Նիստին չի ներկայացել նաև տուժողի կարգավիճակ ունեցող, կարգալույծ հռչակված Արման Սարոյանը՝ նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Բարձրաստիճան հոգևորականների շահերը ներկայացնող փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում տեղի ունեցածը գնահատել է որպես «գործընթացը միտումնավոր ձգձգելու և սաբոտաժի ենթարկելու փորձ», հայտնում է Factor.am-ը:

Պաշտպանի ներկայացմամբ՝ Ամենայն Հայոց հայրապետի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել եկեղեցական կանոններով իրենց վերապահված լիազորություններն իրականացնելու համար։ Զոհրաբյանը պնդել է, որ այդ գործողությունները որևէ առնչություն չունեն դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հետ։

Նա հիշեցրել է նաև Արման Սարոյանի նախաձեռնած քաղաքացիական գործի մասին, որի շրջանակում դատարանը նախկինում կիրառել էր հայցի ապահովման միջոց՝ արգելելով խոչընդոտել վերջինիս պաշտոնավարմանը։ Այդ գործով վարույթն արդեն կարճվել է։

Փաստաբանի խոսքով՝ դատարանն արձանագրել է, որ աշխարհիկ դատական ատյաններն իրավասու չեն գնահատելու բացառապես եկեղեցու ներքին կյանքին և կանոնական կարգավորումներին վերաբերող հարցերը։

«Ի սկզբանե գործընթացն ապօրինի և անհիմն է եղել։ Այսօր անհիմն գործընթացի շրջանակներում մեղադրում են Ամենայն Հայոց հայրապետին և բարձրաստիճան հոգևորականներին։ Իսկ եպիսկոպոսներին մեղադրում են ընդամենը նրա համար, որ որպես Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ առաջարկել են կարգալույծ հռչակել նրան»,- նշել է Զոհրաբյանը։

Արա Զոհրաբյանն առանձնակի ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ քրեական հետապնդման շրջանակում սահմանված սահմանափակումները կաթողիկոսին և եպիսկոպոսներին զրկել են Հայաստանից մեկնելու հնարավորությունից։

Նրա պնդմամբ՝ այդ արգելքների հետևանքով հոգևորականները չեն կարողանում այցելել սփյուռքի թեմեր և կատարել իրենց հովվական պարտականությունները։

Պաշտպանը համոզմունք է հայտնել, որ դատական քննության անհիմն երկարաձգումը նպատակ ունի հնարավորինս երկար պահպանելու հոգևորականների նկատմամբ կիրառվող սահմանափակումները և դրանցով պայմանավորված դժվարությունները։ Նրա գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը բացասաբար է անդրադառնում Հայ Առաքելական եկեղեցու բնականոն գործունեության վրա։

Անդրադառնալով Արման Սարոյանի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդարանում շարունակվող ներկայությանը՝ փաստաբանը նշել է, որ կարգալույծ հռչակված նախկին եպիսկոպոսը դեռևս գտնվում է այդ տարածքում։

«Նա այս պահի դրությամբ այնտեղ է։ Որքան էլ ձգձգեն այս գործընթացը, ի վերջո, գալու է այն օրը, երբ Հայ Առաքելական եկեղեցին կոնկրետ քաղաքացիաիրավական պահանջներ է ներկայացնելու ապօրինի կերպով առաջնորդարանն ու մյուս եկեղեցիները զավթելու, ինչպես նաև ֆինանսական միջոցներն ապօրինի կառավարելու և վատնելու համար։ Որքան ձգեն, այնքան վնասի և մեր պահանջի չափը մեծանալու է»,-ասել է փաստաբանը:

Զոհրաբյանը նաև պարզաբանել է, թե ինչ տեղեկություններ են ներկայացվել հանրային մեղադրողների՝ դատական նիստին չմասնակցելու պատճառների վերաբերյալ։

Նրա փոխանցմամբ՝ դատական նիստերի քարտուղարը հայտնել է, որ դատախազներից մեկը գտնվում է գործուղման մեջ, իսկ մյուսը մասնակցում է մեկ այլ դատական նիստի։

«Չի կարող ամբողջ մի մեծ դատախազություն նման կարևոր հարցով զբաղված չլինել և որևէ մեկին չուղարկել։ Սա ուղղակիորեն խոսում է գործընթացը սաբոտաժի ենթարկելու մասին»,— եզրափակել է Զոհրաբյանը։

Հրապարակվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը: Նշվում է, որ զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ կառավարության 2026–2031 թթ. ծրագրից և պատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ: Զեկույցը պատրաստվել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

Որպես առաջին քայլ առաջարկվում է Բարենորոգման համակարգող խմբի ձևավորում՝ հոգևորականների և աշխարհականների մասնակցությամբ, և դրա կազմի ընդլայնման ընթացակարգի հրապարակում, որպես երկրորդ քայլ՝ ՀԱԵ «փաստացի պետի հեռացում»: