ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն։ Այդ մասին նա հայտարարել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին պատասխանելիս։
Մասնակիցներից մեկը հետաքրքրվել է, թե արդյոք հայկական զինված ուժերը կկարողանան ապահովել Հայաստանի սահմանների անվտանգությունը, քանի որ տեսակետ կա, որ Թուրքիան չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, հայտնում է Sputnik Արմենիան:
«Իհարկե, Հայաստանն ու Թուրքիան դեռևս դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել, սակայն համոզված եմ, որ առաջիկայում այդ հարաբերությունները կհաստատվեն՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները։ Կարծում եմ՝ դա մի փաստ է, որը պետք է արձանագրենք, համենայն դեպս, նման մտավախություն չունեմ ու չկա մի օբյեկտիվ փաստ, որը կվկայի նման խնդրի գոյության մասի»,– ասել է Փաշինյանը։
2025 թվականի սեպտեմբերին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այցելել է Հայաստան։ ՀՀ արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են 2022 թվականի հուլիսի 1-ին սահմանային անցումների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հնարավորություններին։
Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները համաձայնության են եկել արագացնել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման գործընթացը։





