AM
9 Նոյեմբեր 2026 - 10:27 AMT

Ծանրամարտի աշխարհի առաջնությունների դրոշը փոխանցվել է Հայաստանին

Ծանրամարտի աշխարհի առաջնությունների դրոշը պաշտոնապես հանձնվել է Հայաստանին, որը պատրաստվում է Երևանում առաջին անգամ ընդունել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Աշխարհի առաջնությունների դրոշն այսօր փոխանցվեց Հայաստանին։ Չինական Նինգբո քաղաքում ավարտվեց Ծանրամարտի աշխարհի առաջնությունը, հաջորդը կհյուրընկալի Երևանը: Բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբրի 20-ին, մրցաշարը կտևի 13 օր՝ սեպտեմբրի 21-ից մինչև հոկտեմբերի 3-ը: Շնորհավորում եմ բոլորիս, որովհետև Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնությունը կանցկացվի մայրաքաղաք Երևանում»,- գրել է Հարությունյանը։

Ֆեդերացիայի ղեկավարն իր հրապարակման մեջ անդրադարձել է նաև Չինաստանում անցկացված աշխարհի առաջնությունում Հայաստանի ծանրամարտի հավաքականի ելույթների և արձանագրած արդյունքների շուրջ հնչած քննադատություններին։

«Գիտեմ, որ շատերդ մտահոգվել եք ընթացիկ արդյունքներով, մենք էլ ենք խնդիր տեսնում արձանագրված արդյունքներում: Առաջիկայում ֆեդերացիան կվերլուծի տեղի ունեցածը և եզրակացություններ կանի: Երևանում կունենանք լավ արդյունքներ և կուրախացնենք մեր մարզասերներին: Իսկ որոշ շահարկողներին ասեմ՝ ծպտուններդ դուրս չէր գալիս, երբ օրինակ նույն արդյունքը եղել է 2022 թվականին: Չեք խոսել, որովհետև գլխավոր մարզիչը ու գլխավոր քարտուղարը ձեր սիրելի Փաշիկ Ալվերդյանն էր, ֆեդերացիայի նախագահը Հրաչյա Ռոստոմյանը»,- գրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը: