AM
9 Նոյեմբեր 2026 - 11:38 AMT

Կոպիրկին․ ՌԴ-ն ՀՀ-ի հետ ռազմական փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամություն ունի

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել Երևանի հետ ռազմական համագործակցությունը՝ կարևորելով կողմերի քաղաքական կամքը։

Նա նշել է, որ անվտանգության և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ծագող հարցերը պայմանավորված են տարածաշրջանային և միջազգային իրադրության փոփոխություններով, հայտնում է Sputnik Արմենիան:

«Իրավիճակը փոխվել է և փոխվում է՝ և տարածաշրջանում, և աշխարհում։ Իհարկե, դա հարմարվողականություն է պահանջում։ Փոխակերպման այս փուլում հարցերը բնականաբար առաջանում են: Դրանք կարելի է մեկնաբանել տարբեր կերպ՝ վստահության անկում, ինչ-որ կասկածների առաջացում կամ քաղաքական կուրսի վերաձևակերպում։ Բայց դա օբյեկտիվ գործընթաց է։ < … > Մենք ռազմական ոլորտում փոխգործակցության շատ մեծ փորձ ունենք՝ և տեխնիկական, և նյութական տեսանկյունից։ Ռուսական կողմը պատրաստակամություն ունի շարունակել այդ փոխգործակցությունը, ուստի ես չէի ընկնի այդ հարցում անզուսպ հոռետեսության մեջ։ Բայց, կրկնում եմ, ամեն ինչ կախված կլինի կողմերի քաղաքական կամքից»,- հայտարարել է դիվանագետը։

Հայաստանի անվտանգության երաշխավորներից մեկը ռուսական 102-րդ ռազմաբազան է, որը տեղակայված է Գյումրիում ռուս-հայկական համաձայնագրի հիման վրա, որը 2010 թ.-ին երկարաձգվել է մինչև 2044թ.: Մոսկվան, այդ թվում՝ ի դեմս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, բազմիցս հայտարարել է, որ բազան համարում է Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության առանցքային տարրերից մեկը և դրան շոշափելի այլընտրանք չի տեսնում: Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է պահպանել ռազմական կոնտինգենտի տեղակայման մասին գործող համաձայնագրերը և նույնն ակնկալում է Հայաստանից: