AM
9 Նոյեմբեր 2026 - 13:19 AMT

Ըստ հաքերների՝ Ուկրաինայի դեմ պատերազմում մոտ 400, 000 ռուսաստանցի է զոհվել

Բելառուսական «Կիբերպարտիզաններ BY» և Silent Crow հաքերային խմբավորումները հայտարարել են, որ իրենց հաջողվել է ներթափանցել Ռուսաստանի պետական վիճակագրական ծառայության՝ Ռոսստատի համակարգեր և տեղեկություններ ստանալ Ուկրաինայի դեմ պատերազմում ռուսաստանցիների մահվան դեպքերի վերաբերյալ։

«Կիբերպարտիզաններ BY» խմբավորման ներկայացրած հաշվարկների համաձայն՝ 2026 թվականի օգոստոսի վերջի դրությամբ առնվազն 393, 881 ռուսաստանցի զինծառայող է զոհվել, հայտնում է Deutsche Welle-ն:

Հաշվարկներում ներառվել են բացառապես այն մահվան դեպքերը, որոնց պատճառ է նշվել անմիջական մասնակցությունը մարտական գործողություններին կամ դրանց հետևանքները։ Միաժամանակ խմբավորման ներկայացուցիչները գնահատել են, որ ընդհանուր մարդկային կորուստները, այդ թվում՝ վիրավորները, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները և անհետ կորածները, կարող են զոհերի թվից երեքից հինգ անգամ ավելի լինել։

Ռուսաստանի կորուստների վերաբերյալ առանձին գնահատական է հրապարակել նաև Silent Crow հաքերային խմբավորումը։ Վերջինիս տվյալներով՝ 2022 թվականի փետրվարից սկսված Ուկրաինայի դեմ պատերազմում զոհվել է Ռուսաստանի 450,100 քաղաքացի։

Silent Crow-ի կիրառած հաշվարկման մեթոդաբանությունն ընդգրկել է մահվան դեպքերի ավելի լայն շրջանակ։ Մարտական գործողությունների հետևանքով արձանագրված զոհերից բացի՝ հաշվարկներում ներառվել են նաև զինծառայողների շրջանում ոչ մարտական հանգամանքներում գրանցված 14,160 մահվան դեպքեր, ահաբեկչության հետևանքով մահվան նշումով գրանցումներ, ինչպես նաև 13,671 անձի մահ, որոնք հաշվառված են եղել որպես Ռուսաստանի բնակիչներ, սակայն մահացել են Ուկրաինայում կամ օկուպացված տարածքներում՝ չպարզված պատճառներով։

Բացի այդ, հաքերները փորձել են գնահատել ռազմական կորուստների հնարավոր թիվն այն գրանցումների շրջանում, որոնցում մահվան պատճառը նշված չի եղել։ Հաշվի առնելով ռազմաճակատին հարակից շրջաններում մահացածների շրջանում տղամարդկանց համեմատաբար բարձր մասնաբաժինը՝ նրանք հնարավոր լրացուցիչ կորուստների թիվը գնահատել են 3734-ից 9118 մարդ։

Խմբավորման պնդմամբ՝ իրենց ձեռք բերած նյութերում զոհված անձանց անունները բացակայել են։

Ռուսական կորուստների վերաբերյալ տվյալներ են հրապարակել նաև բաց աղբյուրների ուսումնասիրությամբ զբաղվող լրատվամիջոցները։ BBC-ի ռուսական ծառայությանը և «Մեդիազոնա»-ին հաջողվել է բաց աղբյուրների միջոցով հաստատել մինչև հոկտեմբերի 30-ը Ուկրաինայում զոհված 285,023 ռուս զինծառայողի ինքնությունը։

Հաստատված զոհերի ամենամեծ խումբը կազմել են կամավորական հիմունքներով բանակին միացած անձինք։ Նրանց թիվը հասել է 99,204-ի, ինչը կազմում է ընդհանուր հաստատված զոհերի 35 տոկոսը։

Եվս 74,059 զոհված, կամ ընդհանուր թվի 26 տոկոսը, ծառայել են պայմանագրային հիմունքներով։

Մյուս հաստատված կորուստների թվում հաշվառվել են 27,732 նախկին դատապարտյալներ, որոնք քրեակատարողական հիմնարկներից ուղարկվել են ռազմաճակատ։ Նրանք կազմել են զոհերի 10 տոկոսը։ Զորահավաքի միջոցով բանակ զորակոչվածների շրջանում հաստատվել է 20,901 մահվան դեպք, ինչը համապատասխանում է ընդհանուր թվի 7 տոկոսին։

Ռուսական բանակի կորուստների վերաբերյալ զգալիորեն ավելի բարձր գնահատական է ներկայացրել նաև The Economist պարբերականը։ Ըստ հրապարակման՝ մինչև հոկտեմբերի վերջը Ուկրաինայում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող էր հասնել 770 հազարի։

Պարբերականը ռուսական բանակի ընդհանուր մարդկային կորուստները, ներառյալ վիրավորներին, գնահատել է մոտ 2․1 միլիոն մարդ։

Հոկտեմբերին ռուսական զինված ուժերը կրկին ռեկորդային կորուստներ են կրել զոհվածների և վիրավորների թվով։

Bloomberg գործակալությունը, հղում անելով եվրոպական հետախուզական ծառայությունների տվյալներին, հայտնել է, որ մեկ ամսվա ընթացքում ռուսական բանակի մարդկային կորուստները հասել են 54 հազարի։

Ներկայացված հաշվարկների համաձայն՝ ռուսական զորքերը շաբաթական միջինը կորցրել են մոտ 12 հազար զինծառայող։ Օրական կորուստները գերազանցել են 1700-ը, իսկ յուրաքանչյուր ժամվա հաշվարկով կազմել են ավելի քան 70 մարդ։

Կորուստների նման բարձր ցուցանիշներ են արձանագրվել այն ժամանակահատվածում, երբ Կրեմլը Ռուսաստանի գլխավոր շտաբից պահանջել է ապահովել Դոնբասի գրավումը։

Միաժամանակ ռուսական բանակի տարածքային առաջխաղացումը դանդաղել է, իսկ որոշ ուղղություններում արձանագրվել է վերահսկվող տարածքների կրճատում։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի՝ ISW-ի հաշվարկների համաձայն՝ հոկտեմբերին ռուսական զորքերը կորցրել են վերահսկողությունը Ուկրաինայի մոտ 160 քառակուսի կիլոմետր տարածքի նկատմամբ։

Սեպտեմբերին ռուսական վերահսկողությունից դուրս եկած տարածքների ընդհանուր մակերեսը կազմել է 80․8 քառակուսի կիլոմետր։

Բաց աղբյուրների հետախուզությամբ զբաղվող DeepState նախագծի տվյալներով՝ 2026 թվականի առաջին տասը ամիսների ընթացքում ռուսական ուժերին հաջողվել է վերահսկողություն հաստատել Ուկրաինայի ավելի քիչ, քան 1000 քառակուսի կիլոմետր տարածքի նկատմամբ։

Այս ցուցանիշը գրեթե 3․5 անգամ փոքր է 2025 թվականի նույն ժամանակահատվածում ռուսական բանակի գրաված տարածքների մակերեսից։