44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարի: 2020 թվականի նոյեմբերի 9-ին (լույս 10-ի գիշերը) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեցին եռակողմ Հրադադարի հայտարարություն: Արցախի շփման գծում և Լաչինի միջանցքում 5 տարի ժամկետով տեղակայվեց ռուսական խաղաղապահ զորակազմ։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել Արցախի դեմ։ Ռազմական գործողությունները տևել են 44 օր։ Պատերազմի ընթացքում հայկական կողմը մարդկային և տարածքային ծանր կորուստներ է կրել։ Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհերի ընդհանուր թիվը կազմել է 3833 մարդ, որոնցից 3755-ը զինծառայող, 78-ը՝ խաղաղ բնակիչներ։
Ստորագրված փաստաթղթով կողմերը պարտավորվել են դադարեցնել ռազմական գործողությունները և մնալ իրենց զբաղեցրած դիրքերը: Հայկական կողմը կորցրեց վերահսկողությունը Արցախի շուրջ գտնվող 7 շրջանների, ինչպես նաև հենց Արցախի տարածքի մի մասի նկատմամբ, այդ թվում՝ Հադրութի շրջանի և Շուշի քաղաքի։
2023-ի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական հարձակումից հետո Արցախի բնակչությունը (ավելի քան 100,000 հայ) բռնի տեղահանվեց, իսկ Արցախն ամբողջությամբ հայաթափվեց։ Ռուսական խաղաղապահ զորակազմը տարածաշրջանից վերջնականապես դուրս եկավ 2024 թվականի հունիսին։





