AM
9 Նոյեմբեր 2026 - 17:12 AMT

ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պարզաբանումներ է ներկայացրել Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներում պահվող հայ գերիներին այցելելու նպատակահարմարության վերաբերյալ՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունը կարող է չապահովել գերիների իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ իրական գործիքակազմը, հայտնում է Factor.am-ը:

Պաշտպանի գնահատմամբ՝ առանց իրական լիազորությունների և վերահսկողության մեխանիզմների՝ նման այցի ընթացքում հնարավոր է միայն ներկայացվի նախապես ընտրված՝ «ամենալավ իրավիճակը», ինչը թույլ չի տա բացահայտել առկա խնդիրներն ու իրական պայմանները։

Պաշտպանը հիշեցրել է, որ իր իրավասություններն ու գործառույթները վերաբերում են Հայաստանի Հանրապետության պետական կառույցների գործունեությանը։ Հետևաբար, այլ երկրի տարածքում, մասնավորապես՝ Ադրբեջանի քրեակատարողական հաստատություններում, Հայաստանի ՄԻՊ-ը չունի այնպիսի իրավական լիազորություններ, որոնց միջոցով հնարավոր կլինի արձանագրել խնդիրները, պահանջել դրանց վերացումը և վերահսկել համապատասխան միջոցառումների իրականացումը։

«Ես չեմ խոսել իմ որևէ տեղ մեկնելու անհնարինության մասին, սակայն ասել եմ, որ ինչ-որ բան անելը պետք է կոնկրետ նպատակ ունենա, օգտակար գործունեության գործակից ու պետք է արդյունավետ լինի»,– նշել է Մանասյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Անդրադառնալով Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ ՄԻՊ-ը հավաստիացրել է, որ այդ հարցը շարունակաբար բարձրացվում է միջազգային տարբեր հարթակներում։

Նրա տեղեկացմամբ՝ խնդրին ուշադրություն են դարձրել նաև միջազգային կառույցների ներկայացուցիչները, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը։

Միաժամանակ պաշտպանը շեշտել է, որ խնդիրը պահանջում է զգուշավոր և մանրակրկիտ հաշվարկված մոտեցում։ Մասնավորապես, անհրաժեշտ է հաշվի առնել անվտանգության ապահովման երաշխիքները, ինչպես նաև միջազգային պատվիրակությունների հնարավոր այցելությունների կազմակերպման հետ կապված խոչընդոտները։

2026 թվականի ապրիլի 21-ին Բաքվում պահվող Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Նա խնդրել է քննարկել ինչպես ՄԻՊ-ի, այնպես էլ իր կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի և մյուս հայ գերիների ընտանիքների անդամների՝ Բաքու մեկնելու հնարավորությունը։ Անահիտ Մանասյանը Ռուբեն Վարդանյանին ուղղված պատասխանում պարզաբանել էր, որ Ադրբեջանի քրեակատարողական հաստատություններ այցելելը չի մտնում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների մեջ։

Ապրիլի 30-ին Վերոնիկա Զոնաբենդն արձագանքել է ՄԻՊ-ի ներկայացրած դիրքորոշմանը։ Նա նշել է, որ գերիների ընտանիքներն ակնկալում են, որ պետական հաստատությունները կձեռնարկեն հնարավոր քայլեր՝ իրենց հարազատներին այցելելու համար։ Ավելի ուշ՝ նոյեմբերի 6-ին, Վերոնիկա Զոնաբենդը հանդես է եկել նոր հայտարարությամբ՝ անդրադառնալով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Ադրբեջան նախատեսվող այցին։

Նա ընդգծել է, որ պատվիրակությունը Բաքու կմեկնի բացառապես այն դեպքում, երբ պաշտոնապես համաձայնեցված լինեն հայ գերիների հետ հանդիպելու հնարավորությունը և պատվիրակության բոլոր անդամների անվտանգության հստակ երաշխիքները։

Զոնաբենդը հայտնել է, որ դեռևս հունիսից բազմիցս դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին՝ ներկայացնելով այցելության կազմակերպման տարբեր առաջարկներ և ձևաչափեր։ Սակայն այդ դիմումներից որևէ մեկին պատասխան չի ստացել։