Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ներկայացրել է 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ քրեական գործի քննության ընթացքն ու արձանագրված արդյունքները։
Նա տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին կայացրած վճռից հետո ստեղծվել է հատուկ քննչական խումբ, որից հետո իրականացվել են մեծածավալ ապացույցների հավաքագրման, ուսումնասիրման և դատավարական այլ գործողություններ, մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 5 քրեական վարույթ, հայտնում է Արմենպրեսը:
«Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանքներ են ներկայացվել նաև մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց։ Հաշվետու ժամանակահատվածում հիմնական վարույթից անջատվել և 10 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 5 քրեական վարույթ։ Եվս 11 մեղադրյալների մասով նախաքննությունը շարունակվում է։ Կոմիտեն հետևողականորեն շարունակելու է աշխատանքը՝ ապահովելու գործի ամբողջական և անաչառ քննությունը։ Բոլոր հանգամանքներին պետք է տրվի պատշաճ իրավական գնահատական։ Խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրված բռնության հանգամանքների բացահայտումը, խախտված իրավունքների վերականգնմանն ուղղված աշխատանքը, տեղի ունեցածին համարժեք իրավական գնահատական տալը պետական պատասխանատվության հարցեր են»,- ասել է Արթուր Նահապետյանը։
2025 թվականի սեպտեմբերի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Մարտի 1-ի իրադարձություններին վերաբերող վճիռը, որով արձանագրվել են ՀՀ կողմից մարդու կյանքի իրավունքի խախտումներ։ Մասնավորապես, եվրոպական դատարանը եզրահանգել է, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ընթացքում զոհված անձանց նկատմամբ պետությունը չի ապահովել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի իրավունքի պատշաճ պաշտպանությունը։
Դատարանի գնահատմամբ՝ բացառությամբ Սամվել Հարությունյանի և Զաքար Հովհաննիսյանի դեպքերի, մյուս զոհերի առնչությամբ Հայաստանի Հանրապետությունը խախտել է կոնվենցիայի 2-րդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքը։ ՄԻԵԴ-ը նաև արձանագրել է, որ Հայաստանի պետական մարմինները չեն իրականացրել բավարար և ամբողջական քննություն՝ մահվան դեպքերի բոլոր հանգամանքները բացահայտելու նպատակով։





