Մայրաքաղաքում խցանումների նվազեցման մեկ լուծում կա՝ առաջնահերթությունը տալ հանրային տրանսպորտին, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Այո, ահագնացող խցանումների խնդիր կա, և կարելի է ասել՝ դա այն ամենահիմնարար խնդիրն է, որ քաղաքում այսօր առկա է, որովհետև գրեթե բոլոր այլ հարցերին մեծ ծավալով ուշադրություն է դարձվել կամ, նվազագույնը, միջին լուծումներ տրվել են»,- ասել է նա՝ հավելելով, որ խցանումների հարցով արդեն կա կայացած վերլուծական կենտրոն, հայտնում է Radar.am-ը:
«Տեսախցիկներով կարողանում ենք տեսնել, թե տարբեր դեպքերում ինչ է տեղի ունենում քաղաքում։ Օրինակ, 100 խաչմերուկի վերլուծությունից տեսնում ենք, որ 85% դեպքերում խցանումներն սկսում են առաջանալ, երբ որևէ ավտոմեքենա վերջին կանաչով անցնում է և կանգնում խաչմերուկում»,-ասել է քաղաքապետը:
Նա հավելել է, որ այդ մեքենաների էական մասն ավտոբուսներն են:
«Նույնիսկ ավտոբուսներն այդ կանոնը չեն պահել, բայց աշխատել ենք նրանց հետ, որ նման դեպքերը չկրկնվեն»,- նշել է Ավինյանը։
Նա վստահեցրել է, որ Երևանում որքան տնտեսական վիճակը բարելավվի, և մարդիկ ունենան գումար, տրամաբանական է, որ ավտոմեքենաների քանակն ավելանալու է:
«Բայց դրան կա լուծում. այն տվել են գրեթե բոլոր զարգացած քաղաքները՝ առաջնահերթությունը տալով հանրային տրանսպորտին, առանձնացված գծերի լուծումները և ավտոմեքենաների համար որոշակի սահմանափակումները»,- շեշտել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա ընդգծել է, որ այդ լուծումների մասին պարբերաբար խոսում են, և դրանք շուտով իրականացման փուլ կմտնեն։





