AM
9 Նոյեմբեր 2026 - 19:07 AMT

Արտակ Բեգլարյան․ 44-օրյա պատերազմը հնարավոր էր կանգնեցնել շատ ավելի վաղ և անհամեմատ ավելի ցածր գնով

2020 թվականի 44-օրյա պատերազմը հնարավոր էր կանգնեցնել շատ ավելի վաղ և անհամեմատ ավելի ցածր գնով, հայտարարել է Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան, «Արցախի միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Բեգլարյանը:

«2020 թվականի 44-օրյա պատերազմը հնարավոր էր կանգնեցնել շատ ավելի վաղ և անհամեմատ ավելի ցածր գնով, իսկ 2023 թվականին Արցախի ամբողջական կորուստը տեղի ունեցավ ինչպես Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության, այնպես էլ Ռուսաստանի և միջազգային հանրության ստանձնած պարտավորությունների չկատարման հետևանքով»,-ասել է նա, հայտնում է Factor.am-ը:

Անդրադառնալով պատերազմի արդյունքներին և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ Արցախի նախկին օմբուդսմենը նշել է, որ ռազմական գործողությունների աղետալի հետևանքները ձևավորվել են ինչպես երկար տարիների ռազմավարական թերացումների, այնպես էլ Հայաստանի ղեկավարության ընդունած որոշումների և թույլ տված սխալների արդյունքում։

«Ակնհայտ է, որ ավելի վաղ և ավելի ցածր գնով հնարավոր էր կանգնեցնել պատերազմը։ Օրինակ՝ հոկտեմբերին կանգնեցնելու դեպքում պայմանները մեզ համար շատ ավելի մեղմ ու բարվոք կլինեին։ Իսկ արդեն նոյեմբերի 9-ին իրավիճակն այնքան ծայրահեղ էր, որ մի քանի օրվա ընթացքում կարող էինք կորցնել Արցախի մնացած ամբողջ հատվածը։ Ռազմական և քաղաքական կառավարման ձախողումների մեջ ակնհայտորեն եղել է նաև դիտավորություն»,-ասել է նա:

Բեգլարյանի խոսքով՝ չնայած 2020 թվականի նոյեմբերի 10-ին հասարակության շրջանում տիրող ծանր հոգեբանական իրավիճակին՝ դեռևս պահպանվում էր Արցախի մնացած հատվածը փրկելու հույսը։

Այդ սպասումները հիմնականում կապված են եղել Ռուսաստանի կողմից տրամադրվելիք անվտանգության երաշխիքների հետ, որոնք, ինչպես ակնկալվել է, պետք է ապահովեին Արցախի հայ բնակչության անվտանգությունն ու մնացած տարածքների պահպանումը, սակայն 2023 թվականի իրադարձությունները, նրա գնահատմամբ, ի վերջո ի չիք են դարձրել այդ հույսերը։

Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպանն առանձնացրել է երեք հիմնական հանգամանք, որոնք, իր համոզմամբ, նպաստել են պատերազմի հետևանքների խորացմանը և 2023 թվականին Արցախի հայ բնակչության էթնիկ զտմանն ու բռնի տեղահանմանը։

Առաջին հերթին նա մատնանշել է Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը՝ պնդելով, որ Երևանը ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս, չի ապահովել Արցախի պաշտպանությունը և հրաժարվել է նրա նկատմամբ ունեցած պարտավորություններից։

Երկրորդ գործոնը, ըստ Բեգլարյանի, Ռուսաստանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված պարտավորությունների չկատարումն է։

Երրորդ հանգամանքը նա կապել է միջազգային հանրության արձագանքի հետ՝ հիշեցնելով, որ ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը միջազգային պատասխանատվություն է։

«ՌԴ-ն չկատարեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իր պարտականությունները։ Ինչպես նաև՝ ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործության կանխարգելումն ամբողջ աշխարհի պարտականությունն էր։ Սակայն ռուս-արևմտյան առճակատման ֆոնին արևմտյան որոշ շրջանակներ կա՛մ աջակցեցին Ադրբեջանին, կա՛մ աչք փակեցին տեղի ունեցածի վրա՝ նպատակ ունենալով նվազեցնել ՌԴ ազդեցությունը տարածաշրջանում»,-ասել է Բեգլարյանը:

Բեգլարյանն անդրադարձել է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ութերորդ կետին, որը վերաբերում է ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձին։

Նրա փոխանցմամբ՝ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել հայ քաղաքացիներին, այդ թվում՝ 2020 թվականի պատերազմից հետո գերության մեջ մնացած առնվազն երկու զինծառայողի։ Նա հիշատակել է նաև 2023 թվականին գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին՝ ընդգծելով նրանց ազատ արձակման ուղղությամբ հետևողական աշխատանքի անհրաժեշտությունը։

«Ադրբեջանը չի կատարում ո՛չ նոյեմբերի 9-ի կետերը, ո՛չ էլ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի որոշումները։ Բայց այստեղ գլխավոր հարցն այն է, թե ո՞վ պետք է հետամուտ լինի դրանց։ Առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները։ Ուրիշ ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու։ Ցավոք, ՀՀ իշխանությունները բավարար ու ամբողջական ջանքեր չեն գործադրում Բաքվում պահվող մեր հայրենակիցներին ազատ արձակելու ուղղությամբ»,- եզրափակել է Արտակ Բեգլարյանը։