Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված 46–ամյա Արսեն Գևորգյանը: Տեղեկությունը հաստատել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից, հայտնում է Sputnik Արմենիան:
Դեպքի հանգամանքների վերաբերյալ մանրամասներ է հայտնել Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը, հայտնում է Արմենպրեսը:
«Նոյեմբերի 10-ին՝ ժամը 07։55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1980 թ. ծնված կալանավորված անձի համար կանչվել է շտապօգնություն ինքնազգացողության վատթարացման պատճառով։ Ժամը 08։30-ի սահմաններում շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը»,- ասել է Նավիկյանը։
Գևորգյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին՝ Ստեփանավանի ավագանու ընտրություններից չորս օր առաջ։ Նույն օրը Հակակոռուպցիոն դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։ Վարույթի շրջանակում ընդհանուր առմամբ ձերբակալվել էր 14 անձ։





